Commitment to Constructive Dialogue

«Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերը փոփոխված Սահմանադրության լույսի ներքո. առկա մարտահրավերներ, զարգացման հեռանկարներ» թեմայով միջոցառում

2018թ. հուլիսի 25-ին «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում գործարկվող Վանաձորի ՔՀԿ ինկուբատորում տեղի ունեցավ «Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերը փոփոխված Սահմանադրության լույսի ներքո. առկա մարտահրավերներ, զարգացման հեռանկարներ» թեմայով միջոցառում, որը վարում էր Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը: Վերջինս սեմինարի ձևաչափով ներկայացրեց նյութը, խոսեց ոլորտում առկա և սպասվող օրենսդրական փոփոխությունների, ՏԻՄ-երի հետ աշխատանքի առանձնահատկությունների, Հայաստանում վերջին տարիներին տեղի ունեցած համայնքների խոշորացումների, այդ գործընթացի հետ կապված ներկա իրավիճակի, խոշորացումների դրական և բացասական կողմերի, վտանգների մասին: Նաև ներկայացվեցին օրինակներ միջազգային փորձից, ինչպես նաև հեղափոխությունից հետո առկա վիճակի ու զարգացումների մասին:
Միջոցառմանը մասնակցում էին Վանաձորի Ինկուբատորների 1-ին և 2-րդ փուլերում ընդգրկված 13 ՔՀԿ-ներից 10-ը:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: