Commitment to Constructive Dialogue

Փողոցների լուսավորության, աղբահանության և ներհամայնքային ճանապարհների բարեկարգման ուղղությամբ ջանքերը մեկտեղվում են. ստեղծվեց նոր կոալիցիա

Հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ «Համայնքների զարգացման և մասնակցային կառավարման միավորում» («ՀամաԶարԿ» ) կոալիցիայի առաջին նիստը, որի ժամանակ  հաստատվեց նորաստեղծ կոալիցիայի կանոնակարգը, ընտրվեց կառավարման խորհուրդը, ինչպեսև նոր անդամներ ընգրկվեցին դրանում:

«ՀամաԶարԿ» կոալիցիայի կողմից իրականացվում է «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագիրը: Այն Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում է իրականացվում:

Նշվում է, որ վերջին երեք տարիների կտրվածքով Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի մարզկենտրոնների համայնքների բյուջետային  միջոցների 12-15%-ն  ուղղվում են աղբահանության, կոմունալ ծառայությունների և շրջակա միջավայրի պաշտպանությանը, սակայն էական փոփոխություններ չեն նկատվում. բնակիչները մշտապես դժշգոհում են մատուցվող ծառայություններից, իսկ պատկան մարմիններն այլընտրանքային լուծումներ չեն կիրառում:

 «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրի նպատակն է նպաստել այս մարզերում ընտրված խոշորացված համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը` ոլորտի հանրային քաղաքականության բարելավման, մոնիթորինգի իրականացման և ջատագովության միջոցով:

 «Կոալիցիայի միջոցով մի խումբ կազմակերպությունների ջանքերը մեկտեղվում են՝ ի նպաստ այս ոլորտների զարգացման: Սա ընդամենը սկիզբն է մեր համակարգային և հետևողական աշխատանքի»,- ասաց ծրագիրն իրականցնող ղեկավար կազմակերպության՝ «Կոմպասս» ՀԿ նախագահ Ղարիբ Հարությունյանը:

Միջոցառմանն իր ողջույնի խոսքն ասաց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար և Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը: Նա ներկայացրեց նաև ԿԵՀ-ի նպատակներն ու արդեն իսկ կատարված լայնածավալ աշխատանքները: Անդրադառնալով նորաստեղծ կոալիցիային ու դրա կողմից կատարվող աշխատանքներին՝ խորհուրդ տվեց հնարավորինս ընդգրկել հասարակությանն ու նրա հետ կապն ամրապնդել:

Այսօր «ՀամաԶարԿ» կոալիցիայում ընդգրկվելու վերաբերյալ հուշագրեր կնքվեցին 21 հասարակական կազմակերպությունների հետ: Ծրագրի ղեկավար Հայկարամ Դրմեյանը նշեց, որ  կոալիցիային անդամակցելու հայտերը մի քանի տասնյակի են հասնում: Սակայն հայտերը բավարարվել են մի շարք չափանիշներ հաշվի առնելով՝ ոլորտային փորձը, հեղինակությունը, կարողությունները: