Commitment to Constructive Dialogue

Ֆորում՝ նվիրված միջին մասնագիտական  կրթության և աշխատաշուկայում հիմնախնդիրների վերհանմանն ու լուծման ուղիներին

Սեպտեմբերի 28-ին Կապան համայնքում անցկացվեց «Միջին մասնագիտական  կրթություն և աշխատաշուկա, հանրակրթություն և մասնագիտական կողմնորոշում հիմնախնդիրներ և լուծման ուղիներ» թեմայով մարզային ֆորում։

Ֆորումը կազմակերպվել էր «ԳՈՒՄ» ՀԿ-ի կողմից «Սոցիալական գործընկերություն և կրթություն համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում, որը Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհային ծրագիր է: 

Մարզային ֆորումի նպատակն էր շահագրգիռ  կողմերի մասնակցությամբ վերհանել միջին մասնագիտական կրթության և աշխատաշուկայի, ինչպես նաև հանրակրթական դպրոցներում մասնագիտական կողմնորշման գործընթացներում առկա հիմնախնդիրները և հանդես գալ դրանց լուծմանն ուղղված առաջարկություններով։

Մարզային ֆորումը տեղի է ունեցել Սյունիքի տարածաշրջանային  պետական քոլեջում։ Ֆորումին մասնակցել են Կապանի և Քաջարանի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններ, աշխատակիցներ, ուսանողներ, հանրակրթական  դպրոցների տնօրեններ, փոխտնօրեններ, աշակերտներ, Կապանի համայնքապետարանի աշխատակիցներ, ՔՀԿ-ների ներկայացուցիչներ, գործատուներ: Մասնակցել է շուրջ 50 հոգի։

Մարզային ֆորումի մասնակիցներին ողջունել են «ԳՈՒՄ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը և Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Անժելա Մաքյանը։ Վերջինս   իր ողջույնի խոսքում մեծ կարևորություն է տվել  ֆորումի թեմային և կոչ արել իր գործընկերներին ակտիվ մասնակցություն ունենալ ոլորտում առկա խնդիրների վերհանմանն ու դրանց հնարավոր լուծումների  առաջարկմանը։

Մարզային ֆորումը վարել է ԳՈՒՄ ՀԿ-ի աշխատակից Աննա Դանիելյանը։

Ֆորումի առաջին մասում Ա Դանիելյանը մասնակիցներին ամփոփ ներկայացրել է «Սոցիալական գործընկերություն և կրթություն համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագրի նպատակը, իրականացման ընթացքն ու ակնկալվող արդյունքները։ Այնուհետև  մասնակիցներն աշխատել են 4 թեմատիկ խմբերով, որոնցից 2-ը քննարկել և վեր են հանել հանրակրթական դպրոցներում մասնագիտական կողմնորոշման, իսկ մյուս 2-ը՝ միջին մասնագիտական կրթության և աշխատաշուկայի միջև առկա խնդիրները։  

Մասնակիցները համապատասխան խմբերով  մշակել են նաև իրենց առաջադրած խնդիրների լուծման առաջարկությունները  և հանդես եկել ներկայացումներով։

Խմբային ներկայացումներն ուղեկցվել են բուռն քննարկումներով։

Մարզային ֆորումն ամփոփվել է շատ կառուցողական մթնոլորտում։ Շահագրգիռ կողմերը  շնորհակալություն են հայտնել ԳՈՒՄ ՀԿ-ին ոլորտի խնդիրների նկատմամբ ցուցաբերած հետաքրքրվածության համար և ծրագրի իրականացմանն աջակցելու պատրաստակամություն հայտնել։

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: