Commitment to Constructive Dialogue

Ծրագրի մասին

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի (ղեկավար կազմակերպություն), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի համատեղ կոնսորցիումով:

Ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերին։ Ծրագրի տևողությունը 34 ամիս է: Ծրագրի բյուջեն կազմում է 2.222.256 եվրո, որի 2.000.000 եվրոն տրամադրում է Եվրոպական միությունը: 

Ծրագրի թիրախ 9 ոլորտներն են․
1. Հանրային ֆինանսների կառավարում
2. Մարդու իրավունքներ 
3. Արդարադատություն
4. Բիզնես
5. Կրթություն
6. Գյուղատնտեսություն
7. Տնտեսություն
8. Էներգետիկա 
9. Սոցիալական ոլորտ. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում 

Ծրագրի հիմնական նպատակը ՔՀԿ-ների ազդեցության ուժեղացումն է հանրային քաղաքականությունների գործընթացի վրա, իսկ առանձին նպատակներն են ՔՀԿ-ների կարողությունների ուժեղացումը կոալիցիաների կառուցման գործում և քաղաքականությունների շուրջ կառուցողական ու ռազմավարական փոխգործակցությունը կենտրոնական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործընկերների հետ:

Ծրագրի շրջանակներում 9 թիրախային ոլորտներում գործունեություն ծավալող ՔՀԿ-ների համար ուսուցումներ են կազմակերպվելու հետևյալ թեմաներով՝ պետական բյուջեի հատկացումների և քաղաքականությունների իրականացման մշտադիտարկում, հանրային քաղաքականությունների մշակման համար կարևորագույն խնդիրների հատկորոշում, ըստ դրանց՝ հանրային քաղաքականությունների վերլուծություն և մշակում, կոալիցիաների կառուցում և քաղաքականությունների շուրջ կառուցողական ու ռազմավարական փոխգործակցություն կենտրոնական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործընկերների հետ:

Բացի այդ, մարզերի՝ ռազմավարական նշանակության վայրերում հիմնադրվելու են ՔՀԿ-ինկուբատորներ, որոնք զբաղվելու են ՔՀԿ-ների կարողությունների հզորացմամբ մշտադիտարկման և քաղաքականությունների մշակման գործընթացում:

Այնուհետև, պետական լիազոր մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ուժերով համատեղ վեր են հանվելու 9 թիրախային ոլորտներում առկա խնդիրները, որոնց վերաբերյալ Կառավարություն-ՔՀԿ կառուցողական երկխոսության ձևաչափով մշակվելու են վեր հանված խնդիրների լուծմանն ուղղված հանրային քաղաքականություններ: