Փետրվարի 15-ին Վանաձորում տեղի ունեցավ «Մենք լիիրավ անդամ ենք» ծրագրով շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ կլոր-սեղան հանդիպումը՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի՝ Լոռու մարզային գրասենյակում:
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում՝ «Արգինա» մշակութային և «Միջհամայնքային համագործակցություն հանուն գյուղական համայնքների զարգացման» ՀԿ-ների կոնսորցիումի կողմից:
Հանդիպմանը ներկա էին ուսումնական հաստատությունների շուրջ 22 ներկայացուցիչներ:
«Մենք լիիրավ անդամ ենք» ծրագրի ղեկավար Գայանե Բալայանը շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներին ներկայացրեց ծրագրի հիմնական նպատակը և խնդիրները՝ ակնկալելով մասնակիցների օժանդակությունն ու համագործակցությունը:
Հանդիպման մասնակիցները հանդես եկան առաջարկություններով, ներկայացրեցին մի շարք խնդիրներ՝ կապված ներառական ուսուցման դժվարությունների հետ: Ծրագրի ղեկավար Գայանե Բալայանը հայտնեց, որ այս խնդիրները, առաջարկությունները ծրագրի ավարտին ներկայացվելու են կառավարությանը, Ազգային ժողովին:
Ծրագրի շրջանակներում նման կլոր-սեղան քննարկումներ կազմակերպվել է նաև Լոռու մարզի Ստեփանավան, Ալավերդի քաղաքներում:
«Մենք լիիրավ անդամ ենք» ծրագրի նպատակն է՝ բարելավել Լոռու մարզում գործող համայնքային աջակցության կենտրոնների (այսուհետ՝ Կենտրոններ) գործունեությունը` մշտադիտարկման արդյունքում վեր հանված հիմնախնդիրներին արդյունավետ լուծումներ առաջարկելով, ուշադրություն դարձնելով նաև այդ կենտրոնների ՀՈՒԵ ծառայությունների մատչելիությանը և հասցեականությանը: