Commitment to Constructive Dialogue

Ներառական կրթության ներդրման համար մի շարք խնդիրներ պետք է հաղթահարվեն. կայացավ հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիայի ժողովը

Այսօր՝ փետրվարի 20-ին, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում իրականացվող «Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիայի (ՀԵՄԿ) կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում ստեղծված կոալիցիայի ժողովը։

Կոալիցիան իրականացնում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված ենթադրամաշնորհային «Հանուն որակյալ և հասանելի ներառական կրթության և սոցիալական աջակցության» ծրագիրը՝ Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի և Վայոց Ձորի մարզերում:

«Ծրագրի հիմնական նպատակն է վեր հանել ներառական կրթության հիմնախնդիրները, ստեղծել աշխատանքային խմբերը և այդ խմբերի հետ համատեղ քննարկել ու լուծումներ տալ այդ խնդիրներին, մշակել հայեցակարգ և ներկայացնել նախարարությանը»,-նշեց «Հանուն որակյալ և հասանելի ներառական կրթության և սոցիալական աջակցության» ծրագրի ղեկավար Նաիրա Առաքելյանը:

Նրա խոսքով, առավել շատ այս մարզերում կարիք կար ծրագիրն իրականացնելու, քանի որ, օրինակ, Արմավիրի մարզում 2018 թվականից է սկսվեց հատուկ դպրոցների վերակազմակերպման գործընթացը, իսկ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Կոտայքի մարզերում հատուկ դպրոցներ չկան:

Փորձագետ Սերոբ Խաչատրյանը տեսակապի միջոցով միացավ միջոցառմանը ներկա գտնվողներին և ներկայացրեց այդ մարզերում ներառական կրթության մշտադիտարկման զեկույցը: Նա նշեց, որ յուրաքանչյուր մարզում դիտարկվել է 3 դպրոց:

«Եղել են խորացված հարցազրույցներ դպրոցների տնօրենների հետ, աջակցության թիմի ներկայցուցչի հետ, ծնողների հետ կազմակերպվել են ֆոկուս-խմբային քննարկումներ, ինչպեսև իրականացվել է դպրոցի ընդհանուր ֆիզիկական միջավայրի գնահատում:

Մենք փորձել ենք հասկանալ հետևյալ խնդիրները՝ ինչպես է տեղի ունենում երեխաների կրթական կարիքների գնահատումը, ինչպես է իրականացվում երեխաների աջակցությունը, ինչպես է տեղի ունենում երեխաների ներառումը բուն ուսումնական պրոցեսին և ինչպես է տեղի ունենում համագործակցությունը ծնողների և դպրոցի միջև»,-նշեց Սերոբ Խաչատրայնը:

Նրա խոսքով, երեխաների կրթական կարիքների խնդիրը շարունակում է սուր մնալ: Ծնողներն իրենց երեխաներին ներառական կրթության մեջ ընդգրկելու համար մեծամասամբ ավելի թեթև են ներկայացնում խնդիրները, որոնք իրականում ավելի խորն են լինում: Բացառիկ դեպքեր են լինում նաև սրան հակառակ, երբ թեթև խնդիրը բարդացվում է ծնողի կողմից:

Սերոբ Խաչատրյանը նշեց, որ Հայաստանում ներառական կրթության համակարգի ներդնումը հաջողելու համար հարկավոր է ամբողջ կրթական համակարգի օպերացիոն կառուցվածքը փոխել: Նա նշում է, որ այնպիսի առաջարկություններ են մշակվել, ինչպիսիք են Հայաստանում ստեղծել ներառական կրթության մասնակիցների համար վերապատրաստումներ իրականացնող թիմի կազմավորումը, որն ուսումնասիրած կլինի միջազգային փորձը և իսկապես լավատեղյակ կլինի խնդրին: Այն, որ այս բաղադրիչն ուժեղացվի մանկավարժական համալսարաններում, քանի որ ներկայումս ներառական կրթության իրականացման համար խնդիր է նաև ուսուցիչների ընդդիմությունը: Բացի սրանցից, պետք է ստեղծել նաև դպրոցների հաջողված փորձի քարտեզ, կատարել ֆինանսական հաշվարկ, թե ինչ կարժենա Հայաստանի համար ներառական կրթության ներդնումը:

Վայոց Ձորի զարգացման «Հույս-98» ՀԿ ներկայացուցիչ Ալմաստ Սաֆարյանը նշեց, որ հարց է՝ մինչ այժմ որևէ ներառական դպրոցում եղե՞լ է գնահատում, թե ներառական կրթությամբ հանրակրթական դպրոցներում ընդգրկված երեխաների մոտ ինչպիսի առաջընթաց է գրանցվել: Կամ նույնանման երեխաների մոտ ինչն է պատճառը, որ մի երեխան լավ առաջադիմություն է ունենում, մյուսը՝ ոչ:

«Լուրջ հարց է նաև, թե երեխաների գնահատումն ինչպես է իրականացվելու. երեխաներին 130կմ անց են կացնում, հասցնում Երևան, ինչը երեխայի համար հոգեբանական այլ պայմաններ է ենթադրում և երեխան ուրիշ արդյունք է ցույց տալիս»,-նշում է նա:

Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիայի նախագահ Արման Ղազարյանի խոսքով, ներառական կրթության ծրագրով ընդգրկված երեխաների վերագնահատման համար մարզերում հարկավոր են մասնագետներ: «Գնահատումը, որը կատարվում է 1-2 ժամվա ընթացքում, չի կարող արդյունավետ համարվել, որովհետև երեխան իր միջավայրում չէ, իրեն ազատ չի զգում և դա բավականին շատ ազդում է իր վարվելակերպի, թեստային գնահատման վրա»,-նշեց նա:

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ Մելինե Այվազյանը ներկայացրեց «Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիայի՝ ՀԵՄԿ-ի կարողությունների զարգացում» ծրագրի նպատակը:

Մելինե Այվազյանի խոսքով, ծրագրի հիմնական նպատակն է հզորացնել ՀԵՄԿ-ը՝ հանուն համընդհանուր ներառականության և սոցիալական աջակցության։

Նա նշեց նաև, որ ծրագրի առանձնահատուկ նպատակներն են՝

  • Իրականացնել կոալիցիայի անդամ կազմակերպությունների կարիքների  գնահատում,
  • Զարգացնել կոալիցիայի ներքին և արտաքին կարողությունները,
  • Զարգացնել կոալիցիայի ոլորտային՝ ներառական կրթության և սոցիալական աջակցության կարողությունները,
  • Համախմբել կոալիցիայի ուժերն ու կարողություններն՝ ի նպաստ հանրային քաղաքականությունների իրականացման։

Հավելենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ են տրամադրվել ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: