Commitment to Constructive Dialogue

Տեղի ունեցավ «ՀամաԶարԿ» կոալիցիայի կարողությունների զարգացման եռօրյա համաժողովը

Փետրվարի 22-24-ը Գյումրիում անցկացվեց Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակում ստեղծված և ներկայումս հզորացվող «ՀամաԶարԿ» կոալիցիայի կարողությունների զարգացման եռօրյա համաժողովը:

Միջոցառմանը մասնակցում էին կոալիցիայի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներ, Շիրակի մարզպետը, մարզպետարանի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ:  Մասնակիցների թիվը ավելի քան 25-ն էր: 

Ողջույնի խոսքով հանդես եկավ «Կոմպասս» կենտրոնի նախագահ Ղարիբ Հարությունյանը: Մասնակիցներին ողջունելուց հետո նա ներկայացրեց համաժողովի նպատակը, կոալիցիայի ստեղծման նպատակը, վերջինիս մինչ այժմ ծավալած գործունեությունը: Նա խոսեց այն մասին, որ համաժողովի ընթացքում նախևառաջ իրականացվելու է կոալիցիայի անդամ կառույցների գնահատում և առաջիկա երկու օրերին համատեղ աշխատանքի արդյունքում ձևավորելու են իրենց ռազմավարության կմախքը: Ներկայացրեց  կոնսորցիումի անդամներին, իրականացվող ծրագրերը և այն, որ նպատակ ունեն, որ կոալիցիան դառնա իրոք լուրջ կառույց՝ շարունակելով իր գործունեությունը նաև ծրագրի ավարտից հետո:

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, որը կարևորեց նմանօրինակ կոալիցիայի ստեղծումը, վերջինիս նպատակները, գործունեության ընթացքում համայնքի մասնակցության ապահովումը և համագործակցելու պատրաստակամություն հայտնեց: 

Հաջորդիվ ելույթ ունեցավ «Համազարկ կոալիցիայի կարողությունների զարգացում» ծրագրի ղեկավար Հայկարամ Դրմեյանը: նա ներկայացրեց ԵՄ կողմից ֆինանսավորվող ԻՀԱ ղեկավարությամբ գործարկվող ԿԵՀ ծրագրի շրջանակներում իրենց կողմից իրականացվող երկու ծրագրերը («Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» և «Համազարկ կոալիցիայի կարողությունների զարգացում»), դրանց նպատակները, իրականացված մշտադիտարկման որոշ արդյունքեր, պատասխանեց ծրագրերի վերաբերյալ մասնակիցների կողմից տրված հարցերին:

Միջոցառումն ընթանում էր ըստ նախատեսվածի և հաջորդ ելույթը ՀԿ կենտրոնից Արփինե Հակոբյանինն էր: Նա սլայդերի միջոցով ներկաներին ծանոթացրեց կազմակերպությունների գնահատման գործիքների հետ, կարևորեց դրանց տիրապետելն ու կիրառելը:

Եռօրյա համաժողովին հանդես եկան փորձագետներ Արփինե Հակոբյանն ու Կարեն Սարգսյանը:

Համաժողովի առաջին օրը փորձագետ Արփինե Հակոբյանն անդրադարձավ կոալիցիայի կարողությունների գնահատմանը և մասնակիցների ակտիվ ներգրավմամբ կատարեց  ՏԻՄ ոլորտի ՈՒԹՀՍ (SWOT) վերլուծություն։ Երկրորդ և երրորդ օրերին փորձագետ Կարեն Սարգսյանը մասնակիցների ակտիվ թիմային վերլուծությունների օգնությամբ հստակեցրեց կոալիցիայի ընդհանուր առաքելությունը։

Թիմային աշխատանքի միջոցով մասնակիցները հանգեցին ռազմավարական ուղղությունների և դրանից բխող չափելի արդյունքների ձևակերպմանը։ Նաև առանձնացվեցին ռազմավարական 3 ուղղություններ՝ խելացի քաղաքների զարգացում, համայնքների զարգացման խթանում և ՏԻՄ աշխատանքի բարելավում, որոնց շուրջ առաջադրվեցին իրական, չափելի գործողություններ ու քայլեր։ Որոշվեց թվայնացվել քննարկված գործողությունների ցանկը  և մեկ շաբաթվա ընթացքում քննարկել կազմակերպություններում՝ արտահայտելով կարծիքներ, հիմնավորումներ և կատարելով հավելումներ։