2018 թվականի նոյեմբերի 13-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն, գործընկեր 103 հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների հետ միասին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում ՊԵԿ նախագահին ուղարկել էր դիմում-դիրքորշում` ՊԵԿ-ի կողմից մշակած «Հասարակական կազմակերպությունների մասին» և «Հիմնադրամների մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերի վերաբերյալ, ինչից հետո նոյեմբերի 23-ին ՊԵԿ-ի նախաձեռնությամբ հանդիպում էր կազմակերպվել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկելու վերոնշյալ օրինագծերը:
Հանդիպման ընթացքում Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը առաջարկել էր ՀԿ-ների և հիմնադրամների թափանցիկության և հաշվետվողականության ապահովման հետ կապված խնդիրները քննարկելու, ինչպես նաև օրենքների նախագծերում առկա մի շարք խնդիրների իրավական լուծումները գտնելու համար ստեղծել ՔՀԿ-ՊԵԿ աշխատանքային խումբ, ինչը դրական արձագանքի արժանացավ և դրա շուրջ համաձայնություն ձեռք բերվեց:
Հայտնում ենք, որ 2019 թվականի փետրվարի 14-ի ՊԵԿ նախագահի թիվ 93-Ա հրամանով ստեղծվել է վերոնշյալ աշխատանքային խումբը և հաստատվել դրա անհատական կազմը: Աշխատանքային խմբում ներառվել են նաև «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի Կառավարություն-ՔՀԿ երկխոսության համակարգող, իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը և իրավաբան-փորձագետ Արտյոմ Մեսրոպյանը, ինչպես նաև դիմում-դիրքորոշումը ստորագրած գործընկեր չորս հասարակական կազմակերպությունների մեկական ներկայացուցիչ: Խմբում ընդգրկված են նաև ներկայացուցիչներ այլ ՔՀԿ-ներից և պետական իրավասու մարմիններից։