Commitment to Constructive Dialogue

Մարդու իրավունքների խախտումները բանակում և դրանց կանխարգելման մեխանիզմները. թեժ քննարկում քաղհասարակության և պատկան մարմինների միջև

Այսօր՝ փետրվարի 27-ին, տեղի ունեցավ Եվրամիության աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում ֆինանսավորված «Մարդու իրավունքներ․ մշտադիտարկում և հրապարակայնություն» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում ստեղծված Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիայի ժողովը՝ «Մարդու իրավունքների խախտումները բանակում և դրանց կանխարգելման մեխանիզմները» թեմայով:

Քննարկմանը մասնակցում էին ինչպես քաղհասարակության կազմակերպությունների, այնպես էլ Քննչական կոմիտեի, Անվտանգության խորհրդի, Պաշտպանության նախարարության, Ռազմական ոստիկանության, զինվորական դատախազության ներկայացուցիչներ:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար Ժաննա Ալեքսանյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ երկար ժամանակ է, ինչ նման քննարկում չի եղել և կլոր սեղան-քննարկման նպատակն է պաշտպանության համակարգի հետ համագործակցության եզրեր գտնելը: «Ես ակնկալում եմ ակտիվ և անկեղծ քննարկում, մենք բարձրաձայնում, քննադատում ենք շատ խնդիրներ, բայց դա անում ենք մեր բանակի առողջացման, անվտանգության, զինվորի կյանքի և առողջության համար և ուզում եմ, որ ավելի հեշտ ընդունվեն այն քննադատությունները, որոնք արվում են մեր կողմից: Պետք է հասկանալի դառնա, որ դա արվում է յուրաքանչյուր այն մարդու համար, ով զորակոչվում է բանակ և գնում է ծառայության»,-նշեց Ժաննա Ալեքսանյանը:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի մենթորների խմբի ղեկավար, արդարադատության և հարակից ոլորտների մենթոր Մարատ Ատովմյանը, ներկայացնելով ծրագիրը, նշեց, որ թեման արդիական է և այն բոլորին է վերաբերում: «Փակ համակարգերում մարդու իրավունքների ապահովման համար պատասխանատվությունը կրում է պետությունը, բայց բնականաբար միայն պետությունը չէ, որ անելիք ունի այս դաշտում և պետք է սերտ համագործակցություն լինի նաև քաղհասարակության հետ: Ողջունելի է, որ այս ծրագիրն իրականացվում է պատկան պետական մարմինների հետ սերտ համագործակցությամբ և վստահ եմ, որ այդ կառուցողական երկխոսության արդյունքում կկարողանանք ոչ միայն առկա խնդիրները բացահայտել, այլ նաև կանխարգելել հնարավոր դեպքերը»,-նշեց նա:

Ժաննա Ալեքսանյանը նաև ներկայացրեց, թե վերջին տարիներին զինված ուժերում սպանությունների ու ինքնասպանությունների ինչ դեպքեր են եղել, և թե ինչ խնդիրների են բախվում զինծառայողները՝ իրենց խնդիրները բարձրաձայնելիս:

Փաստաբան Հայարփի Սարգսյանը ներկայացրեց զինվորական քրեական գործերով քննության ընթացքում թույլ տրվող խախտումները: Նրա խոսքով, խախտումները սկսվում են զորակոչից: «Զորակոչի ժամանակ շատ են խախտումները պատշաճ բուժզննություն իրականացնելու հետ կապված, զինծառայողը գնում է բուժզննման, որից հետո պետք է զորակոչվի բանակ, բայց իրենց գանգատները չեն արձանագրվում, համապատասխան փաստաթղթերը պատշաճ կարգով ուշադրության չեն հրավիրվում և արդյունքում առողջական խնդիր ունեցող անձը հայտնվում է հավասար զինվորական ծառայության մեջ՝ մյուս առողջ զինծառայողների հետ: Հրամանատարը նման դեպքերում հաշվի չի առնում այդ հանգամանքը ու ասում, որ եթե ուղարկել են ծառայության, ապա պետք է ծառայի, և իրեն չի հետաքրքրում և չի ուսումնասիրում փաստաթղթերը: Երբ զինծառայողը ծառայության ընթացքում իրեն լավ չի զգում և սկսում է բարձրաձայնել իր առողջական խնդիրների մասին, դա որակվում է որպես «սիմուլյանտություն»»,-նշում է Հայարփի Սարգսյանը:

Նա, տարբեր օրինակներով ներկայացրեց, թե ինչպիսի խոշտանգումների են երբեմն ենթարկվում զինծառայողները: Դեպք է եղել, երբ ռազմական ոստիկանությունում գտնվող զինծառայողին հարվածել են, գցել գետնին, գդալով հարվածել ատամներին, դեմքին տաք ճաշ լցրել և այլն:

Հայարփի Սարգսյանի խոսքով, զորամասերում բարոյահոգեբանական վատ մթնոլորտ է տիրում, ինչի հետևանքով ինքնավնասման դեպքեր են լինում: Նա նաև նշում է, որ զինծառայողները երբեմն նաև սեքսուալ բնույթի բռնի գործողությունների զոհ են դառնում, ինչի համար պետք է սպաները նախքան ծառայության անցնելը հատուկ վերապատրաստումներ և ստուգումներ անցնեն, որպեսզի պարզ լինի, թե նրանք սեռական ինչ-որ այլ կողմնորոշում ունեն, թե՝ ոչ:

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ լսելով փաստաբանի պարզաբանումները, հայտարարեց, որ լրիվ այլ ելույթ էր պատրաստել, սակայն այդ պատմություններից հետո դեն է նետում դա: «Ես չէի պատկերացնում, ես կարծում էի եկել էի տեսնեի, թե ինչ մեխանիզմներ են մենք փորձելու կիրառել այսօրվա Հայաստանում, բայց ես հայտնվեցի սարսափ ֆիլմում»,-նշեց նա:

Նա իր աջակցությունը հայտնեց ոլորտում ցանկացած աշխատանք կատարելիս: «Բաց ենք լինելու բոլոր հարթակներում, հայտարարում եմ, որ խորհրդարանը, մեր հանձնաժողովն այսօրվանից դիտարկեք որպես ձեր գործընկերոջը. ցանկացած դեպքով, եթե անհրաժեշտ է մեր միջամտությունը: Ոչ միայն լսումները, մենք հասնելու ենք նրան, որ մեկ զինվորի մահը դառնալու է պետության համար խնդիր, չի լինելու, որ մեկը մահանա ու փորձեն կոծկել դա: Կոծկելը տեսանք, մարտի 1-ին կոծկեցին՝ փչացնելով ամբողջ պետական ուժային համակարգը: Կոծկումն ավելի հրեշավոր հացնագորություն է, քան իրական պատկերի վերլուծությունն ու իրական մեղավորներին պատժելը»,-նշեց Անդրանիկ Քոչարյանը:

Արթուր Ադամյանը, ով պաշտպանության նախարարության գնդապետ է, նշեց, որ պետք չէ մասնավոր դեպքերով այնպիսի տպավորություն ստեղծել, թե բանակում ամեն ինչ շատ վատ է:

«Զինված ուժերի գլխավոր ղեկավար կազմը շատ կառուցողական է տրամադրված և հնարավոր ամեն միջոց ձեռնարկում է մարդու իրավունքները ԶՈՒ-ում պաշտպանելու, ամրագրելու և իհարկե հասարակական կազմակերպությունների կողմից բարձրացրած բոլոր խնդիրներն ուսումնասիրելու և ընթացքավորելու համար»,-նշեց նա:

«Ազատ քաղաքացի, քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ պետք է դիտարկել նաև զորամասերում հոգևորականների գործունեությունը: Նա նշեց, որ դա կարող է նաև որպես սահմանադրության խախտում լինել, քանի որ կան անձիք, ովքեր առաքելական եկեղեցու հետևորդ չեն:

«Երբ ես զորամասում որպես սպա էի ծառայում, մենք հասել էինք նրան, որ որևէ մեկ զոհ չէին տալիս: Դա արվել էր բարձր կրթական ցենզ ունեցող սպաների շնորհիվ, նաև, զինվորների հետ եղբայրական մթնոլորտ էր։ Այսինքն՝ եթե սպայի հետ ճիշտ աշխատանք տարվի, եթե սպան պատրաստված լինի զինվորի հետ աշխատելու, այդ դեպքում հոգևորականի կարիքը չի լինի, և մենք ստիպված չենք լինի Սահմանադրություն խախտել»,-նշեց նա:

Հավելենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ են տրամադրվել ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: