Փետրվարի 26-ին ՊԵԿ-ում տեղի ունեցավ «Հիմնադրամների մասին» և «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերը լրամշակելու նպատակով աշխատանքային խմբի առաջին նիստը:
Նշենք, որ աշխատանքային խումբը ստեղծվել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում ՊԵԿ-ին ներկայացված առաջարկության հիման վրա, ըստ որի, ՀԿ-ների և հիմնադրամների թափանցիկության և հաշվետվողականության ապահովման հետ կապված խնդիրները քննարկելու, ինչպես նաև օրենքների նախագծերում առկա մի շարք խնդիրների իրավական լուծումները գտնելու համար անհրաժեշտ է ստեղծել ՔՀԿ-ՊԵԿ աշխատանքային խումբ։
2019 թվականի փետրվարի 14-ի ՊԵԿ նախագահի թիվ 93-Ա հրամանով ստեղծվել է վերոնշյալ աշխատանքային խումբը և հաստատվել դրա անհատական կազմը: Աշխատանքային խմբում ներառվել են նաև «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի Կառավարություն-ՔՀԿ երկխոսության համակարգող, իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը և իրավաբան-փորձագետ Արտյոմ Մեսրոպյանը:
Ինչ վերաբերում է ՊԵԿ-ի հանձնառությանը՝ համապատասխանեցնելու ՊԵԿ նախագահի` 2018 թվականի փետրվարի 13-ի թիվ 59-Ն հրամանը «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի պահանջներին, ապա նշենք, որ 2019 թվականի փետրվարի 15-ին ՊԵԿ նախագահը ստորագրել է «Հասարակական կազմակերպությունների գործունեության հաշվետվության օրինակելի ձևը, լրացման կարգը, հաշվետվության հրապարակման և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտե ներկայացման կարգը հաստատելու և ՀՀ ՊԵԿ նախագահի 2018 թվականի փետրվարի 13-ի N 59-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 102-Ն հրամանը, որով հանրային միջոցներ օգտագործած ՀԿ-ների վրա լրացուցիչ անօրինական պարականություն էր դրված՝
հաշվետվություն ներկայացնելու նաև ոչ հանրային միջոցների օգտագործման մասով, իսկ նոր հրամանն ամբողջովին համապատասխանում է «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին:
Նշենք նաև, որ աշխատանքային խումբը կազմված է 16 անդամներից, ովքեր հանդիսանում են քաղաքացիական հասարակության կազմակերպություների (16-ից 9-ը), ՊԵԿ-ի, Կենտրոնական բանկի և արդարադատության նախարարության ներկայացուցիչները։ 9 ՔՀԿ ներկայացուցիչներից 6-ը «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից պատրաստված և ՊԵԿ ներկայացված դիմում-դիրքորոշումը ստորագրած 103 ՔՀԿ-ներից են։