Commitment to Constructive Dialogue

Քննարկվեցին ՀԿ-ների հարկային քաղաքականության մշակման և վարչարարության բարելավման հարցերը

Փետրվարի 27-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված ենթադրամաշնորհով իրականացվող   «Հանրային քաղաքականությունների մոնիթորինգային և բարելավման» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում՝ ՀԿ-ների հարկային քաղաքականության մշակման և վարչարարության բարելավման հարցերի շուրջ:

Ծրագիրն իրականացնող «Զարգացման Սկզբունքներ» ՀԿ ներկայացուցիչ, «Հանրային Քաղաքականությունների մոնիթորինգային և բարելավման ծրագրի» ղեկավար Անահիտ Ղազանչյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ ծրագիրը կարծես իրենց կազմակերպության անցած ուղու շարունակությունը լինի. «Այս ծրագիրն ուղղված է քննարկելու, ՀԿ-ներից հավաքագրելու այն բոլոր խնդիրները ու մտահոգությունները, որոնք առկա են, այնուհետև որոշ լուծումներ առաջարկենք կառավարությանը՝ այդ ամենը բարելավելու համար, այսինքն, գործող և ներմուծվող քաղաքականությունները և՛ վերահսկենք, և՛ մշտադիտարկում անցկացնենք»,-նշեց նա:

Անահիտ Ղազանչյանը հույս հայտնեց, որ քննարկման ավարտին ռեալ արդյունքներ կգրանցվեն, ինչը հնարավորություն կտա քաղհասարակության ձայնը լսելի դարձնել:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի մենթորների խմբի ղեկավար, արդարադատության և հարակից ոլորտների մենթոր Մարատ Ատովմյանը ներկայացրեց ծրագիրը՝ նշելով, որ ծրագրի առանցքը հենց կառուցողական երկխոսության հաստատումն է կառավարության, համայնքային իշխանության և հասարակության միջև:

«Ակնհայտ է, որ առանց համագործակցության, համատեղ աշխատանքի հնարավոր չէ հասնել որևէ արդյունքների: Եթե անգամ պետությունը բավականին լավ նախաձեռնություններով հանդես գա, որոնք չստանան հանրային աջակցություն կամ դրանցում չլինի հանրային մասնակցությունը, ապա պետությանը շատ դժվար կլինի դա իրականացնել: Հասարակությունն էլ կարող է անդադար բարձրաձայնել ինչ-որ խնդիրների վերաբերյալ, անընդհատ դիմել պետական մարմիններին, միջոցառումներ, քննարկումներ, ակցիաներ կազմակերպել, բայց եթե պետությունն իր համապատասխան մարմինների միջոցով չցանկանա այդ խնդիրները լուծել բարեփոխումներ իրականացնել, ապա քաղհասարակությունը չի կարողանա այդ խնդիրն առաջ տանել»,-մանրամասնեց Մարատ Ատովմյանը:

Հասարակական կազմակերպությունների՝ ոչ առևտրային գործունեության արդյունքում առաջացող հնարավոր հարկային ռիսկերը ներկայացրեց ծրագրի փորձագետ Արմեն Պետրոսյանը:

Նա նշեց, որ նախևառաջ հարկավոր է լուծում մշակել՝ Հարկային օրենսգրքում «դրամաշնորհ» տերմինի ընդունելի սահմանման համար: Բացի սրանից, անհրաժեշտ է նաև ծառայությունների/աշխատանքների և դրամաշնորհների տարբերակող հատկանիշների ամրագրումը:

«Ի՞նչ է նշանակում ծառայությունների մատուցումը. մեկ անձի կողմից մեկ այլ անձի օգտին գործողության իրականացում՝ որևէ ձևով կատարվող հատուցմամբ, (այդ թվում՝ մասնակի հատուցմամբ, կամ դրամաշնորհների, սուբսիդիաների դեպքում հատուցմամբ) կամ անհատույց:  Ամենամեծ խնդիրն առաջացել է հենց այս ձևակերպմամբ, քանի որ նախկին «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում այսպիսի ձևակերպում չկար և ծառայության մատուցումը նախատեսված էր հատուցմամբ կամ մասնակի հատուցմամբ: Այսինքն անհատույց, դրամաշնորհով կամ այլ կերպ փոխհատուցման դրույթ սահմանված չէր: Երբ 2018 թվականի հունավրի 1-ից ուժի մեջ մտավ դրույթը, խնդիր առաջացավ, որովհետև մեծամասամբ պետական մարմինների ներկայացուցիչները պնդում էին, որ դրամաշնորհաները համարվում են ծառայությունների մատուցումներ և անպայման պետք է հարկման ենթարկվեն: Շատ հասարակական կազմակերպություններ էլ պնդում են, որ դրամաշնորհը չի համարվում  ծառայությունների մատուցման դիմաց փոխհատուցում, ընդհակառակը, դրանք անհատույց ստացված միջոցներ են համարվում, ինչպրես օրինակ անդամավճարները»,-նշեց Արմեն Պետրոսյանը:

Արմեն Պետրոսյանը նաև ներկայացրեց հարկման հատուկ համակարգերում (մասնավորապես՝ շրջանառության հարկի համակարգում) գործելու հնարավորության, եկամտային հարկի հաշվարկման առանձնահատկությունների վերանայման վերաբերյալ առկա խնդիրները:

Հավելենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ են տրամադրվել ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: