Փետրվարի 28-ին ««Էդու-լոջիք» հավասար մեկնարկ» ծրագրի ներկայացուցիչները հանդիպեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանի հետ:
Նշենք, որ ««Էդու-լոջիք» հավասար մեկնարկ» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակում:
Ծրագիրն իրականացնող «Բաց սահմաններ» ՀԿ նախագահ Էլեոնորա Բեգոյանը և ծրագրի փորձագետ Գոհարիկ Տիգրանյանը ներկայացրեցին ««Էդու-լոջիք» հավասար մեկնարկ ծրագիրը, նպատակները և խնդիրները: Ներկայացվեց, թե մինչ օրս ինչ աշխատանքներ են կատարվել, մանրամասնվեց փորձագիտահետազոտական աշխատանքները, ընտրված գործիքները, մեթոդները և առաջիկա քայլերի հերթականությունը:
«Ծրագիրն իրականացնելու համար շատ ենք կարևորում պետական մարմինների հետ համագործակցությունը և միասնական աշխատանքը, խնդրը տարբեր տեսանկյուններից դիտարկելը և բոլոր մոտեցումները համատեղ քննարկելը: Արդեն իսկ կազմակերպության նախաձեռնությամբ ստեղծվել է հասարակական կազմակերպությունների ժամանակավոր կոնսորցիում, որն ապահովելու է ծրագրի առաջարկի ամրությունը: Իսկ ծրագրի շրջանակներում հանրակրթական դպրոցներում հետազոտություն սկսելու համար հայցում ենք ձեր թույլտվությունը եւ աջակցությունը»,- Էլեոնորա Բեգոյան:
Մարզպետ Գնել Սանոսյանը նշեց, որ պետության ուշադրության կենտրոնում է գտնվում կրթության որակի ապահովման ու այն արդի պահանջներին համապատասխանեցնելու խնդիրը:
«Մենք կցուցաբերենք բավարար աջակցություն թե՛ դպրոցներում ծրագրի շրջանակներում կազմակերպվող ուսումնասիրության, թե ծրագրի շրջանակներում կազմակերպվող համաժողովի հրավիրման համար համապատասխան տարածք հատկացնելու հարցերում»,-հավաստեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Պարոն Զազյանն ավելացրեց, որ արդեն ընթացք են տվել կազմակերպության դիմումին և համապատասխան դպրոցներում հետազոտություն կատարելու համար թույլտվությունը տրված է, ինպես նաև դպրոցների տնօրենները համապատասխան գրություն են ստացել, որպեսզի առանց խոչընդոտների և սահուն իրականացվի հետազոտությունը:
«Բաց սահմաններ» խաղաղության, ժողովրդավարության և զարգացման ինստիտուտ ՀԿ-ն իրականացնում է ««Էդու-լոջիք» հավասար մեկնարկ» ծրագիրը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից ղեկավարվող կոնսորցիումի կողմից իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում։