«Իրավաբանների հայկական ասոցիացիայի» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արտյոմ Մեսրոպյանը 2019 թվականի փետրվարի 4-ին մասնակցել է «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի քննարկմանը, որը կազմակերպել էր ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ դատական համակարգի, փաստաբանական համայնքի, շահագրռիռ մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Միանշանակ դրական գնահատելով այն, որ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերով հասարակական կազմակերպություններին այսուհետ հնարավորություն կընձեռնվի դատարանում վիճարկելու բոլոր ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը, ինչը նրանց՝ որպես քաղաքացիական վերահսկողության գործառույթ իրականացնող հիմնական դերակատարների, լրացուցիչ հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպելու իրենց շահառուների իրավունքների պաշտպանությունը, այնուամենայնիվ, կազմակերպության ներկայացուցիչն առաջարկել է լրացուցիչ քննարկման առարկա դարձնել վերոնշյալ նախագծով խնդրահարույց համարվող այն կարգավորումը, ըստ որի՝ հասարակական կազմակերպությունը վարչական դատարան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործով դիմում ներկայացնելիս՝ ի լրումն պետք է ներկայացնի նաև այդ կազմակերպության տվյալ ոլորտում նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն ծավալելու մասին ապացույցներ:
Գնտում ենք, որ հիշյալ պահանջը բավարար չափով որոշակի չի շարադրվել, ինչը կարող է ոչ միայն ապացուցման տեանկյունից բարդ գործընթացների հանգեցնել և դատավորներին հնարավորություն ընձեռնել այս կամ այն ապացույցների վերաբերելիության մասով որոշումների կայացման ընթացքում կիրառել հայեցողական լիազորություններ, այլև լրացուցիչ խոչընդոտներ ստեղծել, որպեսզի հասարակական կազմակերպությունները առավել հաճախ օգտվեն դատարան դիմելու իրենց իրավունքից:
Լուսանկարը ՀՀ Արդարադատության նախարարության կայքից