Մարտի 7-ին տեղի ունեցավ «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» կոալիցիայի հիմնադրման պաշտոնական արարողությունը։
Կոալիցիան ստեղծվեց ՀՀ բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման բարելավման ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակում:
ՀՀ բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման բարելավման ծրագրի ղեկավար և Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի հիմնադիր Գևորգ Գրիգորյանն իր ողջույնի խոսքում ներկայացրեց, որ կոալիցիայի նպատակը առողջապահության ոլորտի պետական քաղաքականության իրականացման ընթացքը մշտադիտարկելն է, նպաստելը բուժօգնության որակի բարելավմանը, առողջապահության ոլորտի աշխատողների իրավունքների պաշտպանությանը և առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը կարևորեց կոալիցիայի կողմից ոլորտային քաղաքականությունը, խնդիրները համալիր դիտարկելու նպատակը և հույս հայտնեց, որ կոալիցիան օգտակար լինի ոլորտի զարգացման համար՝ թե՛ բնակչության, թե՛ բուժաշխատողների կյանքի որակի բարելավելու տեսանկյունից:
Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Արկադի Սահակյանը. «Համոզված եմ, որ այս հարթակը նոր քայլ է ձեր իրավունքների պաշտպանության բնագավառում, այն թույլ է տալու կոնսոլիդանալ ձեր խնդիրների շուրջ: Եվ առավել կարևոր է կոալիցիայի հիմնադրման հռչակագրում ներառված հակակոռուպցիոն պայքարի կետը»,- ասաց նա:
Նշենք, որ «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» կոալիցիան հիմնադրվել է 13 կազմակերպության կողմից, որոնք մեծապես կարևորում են սոցիալական արդարության սկզբունքների վրա հիմնված որակյալ բուժօգնության ապահովումը և դրա հավասար հասանելիությունը բնակչության բոլոր շերտերին՝ հանրապետության ողջ տարածքում։
Կոալիցիայի առաջնահերթությունների շարքում որպես գերակա ուղղություն առանձնացվել են բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման գործընթացի բարելավման և որակյալ մասնագիտական կրթության ապահովման հիմնախնդիրները։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։