Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 26-ին Վանաձորի ՔՀԿ ինկուբատորի մասնակիցներին ներկայացվեց փաստարկված հանրային քաղաքականությունների մշակման չեխական փորձը: Հանդիպումը վարում էր ԻՀԱ Վանաձորի մարզային իրավաբան, ՔՀԿ ինկուբատորի պատասխանատու Արթուր Սուքիասյանը:
Հանդիպման ընթացքում Արթուր Սուքիասյանն անդրադարձավ փաստարկված քաղաքանության մշակման համար կարևորագույն հարցին՝ հաղորդակցությանը: ՔՀԿ ներկայացուցիչների հետ միասին քննարկեցին, թե որքանով են բաց ՔՀԿ-ները հաղորդակցության համար, արդյոք քաղաքականություն մշակելիս հաղորդակցության կողմ են դառնում ոլորտի բոլոր շահակիրները: Այնուհետև ներկայացվեցին այն գործիքները, որոնց միջոցով հանրային քաղաքականության մշակումն էլ ավելի արդյունավետ կլինի: Մասնակիցները ծանոթացան չեխական Բռնո քաղաքի վերաբնակեցման ծրագրին, որն էլ հենց փաստարկված հանրային քաղաքականության մի օրինակ էր:
Հանդիպման ավարտին ձեռք բերվեց պայմանավորվածություն միավորվելու և մարզային կոալիցիա ստեղծելու մասին, որն էլ կիրականացնի մարզում փաստարկված հանրային քաղաքականությունների մշակում ու իրագործում:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: