Commitment to Constructive Dialogue

Լոռու մարզպետին են ներկայացվել «Առողջ մարմին, իրազեկ մտքում» ծրագրի շրջանակներում կատարված մոնիթորինգի արդյունքները

Մարտի 20-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված
ենթադրամաշնորհի շրջանակներում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Առողջ մարմին, իրազեկ մտքում» ծրագրի շրջանակներում կազմակերպված հանդիպումը:

Հանդիպմանը ներկա էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արթուր Մխիթարյանը:

«Առողջ մարմին, իրազեկ մտքում» ծրագրի ղեկավար Արև Պետրոսյանը ներկայացրեց իրենց կողմից կազմված հարցաթերթիկները, որոնք միտված են բժշկական հաստատություններում ստացիոնար և ամբուլատոր բուժում ստացող հիվանդների մոտ առկա խնդիրների վերհանմանը:

Ներկայացված հարցաթերթերի հետ ծանոթանալուց հետո Լոռու մարզպետը հայտնեց, որ իրենց կողմից առաջարկություններ, ընդունելի փոփոխություններ լինելու դեպքում դրանք կուղարկվեն գրավոր կերպով:

Հավելենք, որ «Առողջ մարմին, իրազեկ մտքում» ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Լոռու մարզում առողջապահության ոլորտում իրազեկվածության մակարդակի բարձրացմանը: