Commitment to Constructive Dialogue

Անցկացվեց «Տեղական իշխանություններ և քաղաքացիական հասարակության կազմակերպություններ» խորագրով միջազգային համաժողովը

Մարտի 28-ին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում անցկացվեց «Տեղական իշխանություններ և քաղաքացիական հասարակության կազմակերպություններ» խորագրով միջազգային համաժողովը:

Համաժողովի ընթացքում տեղի ունեցան «Բաց և կարողունակ միջավայրի ստեղծում քաղաքացիական մասնակցության, քաղհասարակության և տեղական ու ռեգիոնալ իշխանությունների գործողությունների համար», «Փոխգործացկության, սիներգիաների ստեղծման կարողությունների ամրապնդում և հստակ արդյունքների ստեղծում տեղական մակարդակում» խորագրերով քննարկումներ:

Համաժողովը կազմակերպել է Հայաստանի համայնքների միությունը` Արևելյան գործընկերության տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնֆերանսի (CORLEAP), ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ:

Էմին Երիցյանը

Համաժողովին նախորդեց Արևելյան գործընկերության տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնֆերանսի (CORLEAP) բյուրոյի 14-րդ նիստը՝ Երևանում:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը համաժողովի բացման խոսքում նշեց. «Անցյալ տարի ՀՀ-ում տեղի ունեցավ հեղափոխություն, և գյուղական համայնքներում ականատես եղանք մարդանց ակտիվության: Դա բավականին մեծ սպասումների դաշտ է ստեղծել: Շատ կարևոր է, որ հենց քաղհասարակության և տեղական իշխանությունների համագործակցությամբ մենք բնակիչներից ստանանք ակտիվ քաղաքացիներ: Մենք պետք է այս ուղղությամբ բավականին ինտենսիվ աշխատենք»:

Վաչե Տերտերյանը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը փաստեց՝ ՀՀ-ն երկրորդ անգամ պատիվ ունի հյուրընկալել CORLEAP բյուրոյի նիստը. «Լավ ավանդույթ ունենք բյուրոյի նիստերը զուգակցել թեմատիկ բովանդակային քննարկումներով: Այս անգամ պատահական չէ, որ մենք նման թեմա ենք ընտրել, որն ընթացիկ ժամանակին շատ հարմար և համահունչ է: Քաղհասարակության և ընդհանրապես մեր քաղաքացիների ակտիվության այս ընթացքից պիտի կարողանանք առավելագույն էֆեկտները ստանալ, մասնավորապես այն ոլորտում, որի մի մասն է կազմում տեղական ինքնակառավարման համակարգը, որը տեղական ժողովրդավարության կրողներից է»:

Կարեն Զադոյանը

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն իր ողջույնի խոսքում մեծապես կարևորեց ՔՀԿ-ՏԻՄ երկխոսությունը՝ հասարակության համար բարվոք հանրային քաղաքականությունների մշակման և իրակացման տեսանկյունից.

«Վստահ եմ, որ ՔՀԿ-ների ներկայիս պոտենցիալը հնարավորություն կտա ավելի ուժեղ տեղական ինքնակառավարման համակարգ ունենալ: Մեր ծրագրի շրջանակում ստեղծված ՔՀԿ կոալիցիաները ցույց են տալիս համագործակցության պոտենցիալը, մարտահրավերներն ու հնարավորությունները»,- ասաց նա:

Գոնսալո Սեռանոն

Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սեռանոն էլ նշեց, որ այս համաժողովի նպատակն է պարզել, թե ինչ կարող ենք անել տարածքային, տարածաշրջանային ոլորտում. «ԵՄ-ն Հայաստանում նոր ռեսուրսներ է մոբիլիզացնում նոր ծրագրերի և ներդրումների համար, ինչպես օրինակ գյուղատնտեսության, զբոսաշրջության, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով, և հիմնականում կենտրոնացած է երեք հյուսիսային շրջանների վրա: Արևելյան գործընկերության սկզբունքների և Հայաստանում պետական կառավարման հատուկ բարեփոխումների շրջանակներում ԵՄ-ն նաև նպաստում է և հենվում տեղական և տարածաշրջանային իշխանությունների կարողությունների վրա, որպեսզի տեղական ՔՀԿ-ները, ավելի շատ ու առավել լավ աշխատեն հայ ժողովրդի և բիզնեսներիօ համար»։

Համաժողովին մասնակցեցին Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի անդամներ, CORLEAP ներկայացուցիչներ, ՀՀ համայնքի ղեկավարներ:

Համաժողովին և Բյուրոյի նիստին մասնակցելու համար Հայաստանում էին եկել Վենցպիլս համայնքի խորհրդի անդամ, Եվրոպական ռեգիոնների կոմիտեի անդամ Անդրիս Յաունսլեինիսը, Ռադլոյի համայնքապետի տեղակալ, CORLEAP-ի զեկուցող Պավել Բրանդան, Խարկովի ռեգիոնալ խորհրդի նախագահ, Ուկրաինայի տեղական և ռեգիոնալ իշխանությունների ասոցիացիայի նախագահ, CORLEAP-ի զեկուցող Սերգեյ Չեռնովը, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ալի մեջլիսի Մարդու իրավունքների և միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, CORLEAP բյուրոյի անդամ Անար Իբրահիմովը, Յամլանդի և Հարլեդալենի ռեգիոնի խորհրդի անդամ (Շվեդիա) Թոմաս Անդերսոնը, Զուգդիդիի համայնքապետարանի անդամ (Վրաստան) Սանդրո Սորդիան և այլք:

Նշենք, որ միջազգային համաժողովին իրենց աշխատանքն ու գործունեությունն ու փորձը ներկայացրեցին «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում ստեղծված ՔՀԿ-ների 9 կոալիցիաների ներկայացուցիչները:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ են տրամադրվել ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: