Commitment to Constructive Dialogue

Վարդենիկում բնակիչները եկամտաբեր բիզնես կունենան և կմտածեն միայն համայնքը շենացնելու մասին

Մարտի 29-ին  Վարդենիկ համայնքի ավագանու և «Համայնքի զարկերակ» ՀԿ միջև կնքեց համագործակցության հուշագիր՝ «Վարդենիկ համայնքի նոր զարգացման ծրագիր. Տուրիզմ և գյուղատնտեսություն» ծրագրի շրջանակում:

Այս ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ իրականցվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակում:

Հուշագրի ստորագրման նպատակով ավագանին արտահերթ նիստ էր հրավիրել. կողմերը նշում էին, որ սա բացառիկ երևույթ է, երբ համայնքի ավագանին պաշտոնապես համագործակցում է քաղհասարակության կազմակերպության հետ:

«Համայնքի զարկերակ» ՀԿ նախագահ և «Վարդենիկ համայնքի նոր զարգացման ծրագիր. Տուրիզմ և գյուղատնտեսություն» ծրագրի ղեկավար Արտուշ Խաչատրյանը նշեց, որ թեև նախկինում էլ բանավոր համաձայնությամբ համագործակցություն եղել է, սակայն այժմ պաշտոնապես ամրագրվում է համագործակցությունը, ինչը ոգևորող է:

Համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանն էլ նշեց, որ այս համագործակցության արդյունքում շահում է համայնքը. ծրագրի իրականացման արդյունքում համայնքի բնակիչները նոր գիտելիքներ կստանան, կզբաղվեն օրգանիկ գյուղատնտեսությամբ, ինչը թե բնակչության առողջության համար է լավ, թե եկամտաբեր է:

Արտուշ Խաչատրյանի խոսքով, այս ծրագրի նպատակը համայնքում օրգանիկ գյուղատնտեսությունն ու գյուղական տուրիզմի զարգացումն է. արդյունքում համայնքի բնակիչները կկարողանան սեփական բիզնեսներն ունենալ և չմտածել արտագաղթելու մասին, իսկ արտագաղթածներն էլ կմտածեն վերադառնալու և հայրենի համայնքը շենացնելու մասին: