Commitment to Constructive Dialogue

Քննարկում սոցիալական ներառականության խոչընդոտների և դրանց հաղթահարման վերաբերյալ

2018 թ․ նոյեմբերի 20-ին Վայք քաղաքում տեղի ունեցավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն – ՍԻՎԻՏԱՍ» հասարակական կազմակերպությունն անցկացրեց քննարկում՝ «Սոցիալական ներառականության խոչընդոտները և դրանց հաղթահարումը Համընդհանուր նախագծման (Universal Design) ռազմավարության միջոցով» թեմայով։

Ողջույնի խոսքով հանդես եկավ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կրթության և հարակից ոլորտների համակարգող, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ գործադիր տնօրեն Խաչիկ Գևորգյանը:

Ներառականության փորձագետ Լիլիա Խաչատրյանը քննարկման մասնակիցներին ներկայացրեց  սոցիալական ներառականության խոչընդոտները, այդ թվում՝ սոցիալական ներառականության հետ կապված վերաբերմունքային, ադմինիստրատիվ, ճարտարապետական, ծրագրային-համակարգային խնդիրները։

Նա նաև խոսեց համընդհանուր նախագծման ռազմավարության մասին, որն առաջարկում  միջավայրի կառուցման 7 սկզբունքեր, որոնցով կարելի է հաղթահարել վերը նշված խոչընդոտները և ապահովել համայնքում բոլորի մասնակցությունը և ներգրավվածությունը, ներառվածությունը։ Մասնակիցների համար ներկայացվեցին համընդհանուր նախագծման օրինակներ ու դեպքեր։

Վերոնշյալ թեմաների հետ քննարկվեց նաև ընտանիքի ինստիտուտը՝ որպես հասարակության հիմնական բջջի դերը համայնքում սոցիալական ներառականության աջակցության և խթանման գործում։