Ապրիլի 15-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստը, որը վարում էր Լոռու մարզպետ, հանձնաժողովի նախագահ Անդրեյ Ղուկասյանը:
Նիստի օրակարգում ընդգրկված էր նաև Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում՝ «Մենք լիիրավ անդամ ենք» ծրագրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը:
Ծրագրի ղեկավար Գայանե Բալայանը ընդհանուր ներկայացեց ծրագրի նպատակն ու շրջանակները, ինչպես նաև ակնկալեց հետազոտական փուլի ընթացքում շահագրգիռ անձանց ներգրավվածությունն ու օժանդակությունը:
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց ծրագրի հետազոտական փուլի ավարտին նորից մասնակցել հանձնաժողովի նիստին և ներկայացնել արդյունքները՝ հետագայում համագործակցությունն առավել ուժեղացնելու նպատակով:
Հավելենք, որ «Մենք լիիրավ անդամ ենք» ծրագրի նպատակն է՝ բարելավել Լոռու մարզում գործող համայնքային աջակցության կենտրոնների գործունեությունը` մշտադիտարկման արդյունքում վեր հանված հիմնախնդիրներին արդյունավետ լուծումներ առաջարկելով, ուշադրություն դարձնելով նաև այդ կենտրոնների ՀՈՒԵ ծառայությունների մատչելիությանը և հասցեականությանը:
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում՝ «Արգինա» մշակութային և «Միջհամայնքային համագործակցություն հանուն գյուղական համայնքների զարգացման» ՀԿ-ների կոնսորցիումի կողմից: