Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ստեղծված Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիան ապրիլի 19-20-ն Աղվերանում անկացրեց ոլորտային կարողությունների զարգացման երկօրյա դասընթաց՝ սոցիալական աջակցության և ներառական կրթության վերաբերյալ։
Դասընթացի առաջին օրը Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը ներկայացրեց սոցիալական աջակցության վիճակը ՀՀ-ում, սոցիալական ծառայություններն ու դրանց տեսակները կյանքի դժվարին պայմաններում հայտնված երեխաների համար։
Սոցիալական աջակցությունը կյանքի դժվարին իրավիճակը կանխարգելելու կամ հաղթահարելու նպատակով անձին (ընտանիքին, սոցիալական այլ խմբին) օրենքով սահմանված մեկ կամ մի քանի սոցիալական ծառայությունների տրամադրումն է Հայաստանի Հանրապետության և (կամ) տեղական ինքնակառավարման մարմնի կողմից: Սոցիալական աջակցության իրավունք ունի ՀՀ-ում բնակվող յուրաքանչյուր ոք՝ ՀՀ քաղաքացիները, ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում: Սոցիալական ծառայությունների համակարգը Հայաստանում պաշտոնապես ներդրվել է 1993 թվականին։ Սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումների շրջանակներում իրականացված կարևոր քայլերից է եղել ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը 2012 թվականին։
Բանախոսը մասնակիցներին ներկայացրեց նաև սոցիալական աջակցության ոլորտը կարգավորող իրավական ակտերը, այնուհետև քննարկեցին առկա բացթողումները։
Առաջին օրվա երկրորդ մասի բանախոսն էր Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը, ով նախ ողջունեց և կարևորեց հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիայի գործունեությունը և հաջողություն ցանկացավ անդամ կազմակերպություններին հետագա անելիքներում։
Այնուհետև հանդես եկավ բանախոսությամբ՝ ներկայացնելով սոցիալական աջակցության համակարգի ներկա խնդիրները, սոցիալական պաշտպանության համակարգի քարտեզը ՀՀ-ում, անդրադարձավ նաև միջազգային հաջող փորձին՝ զուգահեռներ տանելով մեր իրականության հետ։
Կոալիցիայի անդամ կազմակերպությունների հետ քննարկեցին նաև մի շարք համակարգային փոփոխություններ, որոնց կարիքն ունի ՀՀ-ում սոցիալական աջակցության ոլորտը՝ սոցիալական ծառայությունների միասնական ստանդարտների մշակում և ներդրում, միջգերատեսչական փոխհարաբերությունների բնույթի փոփոխում, նոր առավել արդյունավետ մարզային մակարդակով սոցիալական ծառայությունների գործակալության ստեղծում և այլն։
Դասընթացի երկրորդ օրը կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը ներկայացրեց ներառական կրթության վիճակը Հայաստանում, այնուհետև կազմակերպվեց դերային խաղ ներառական կրթության խնդիրների վերհանման նպատակով։ Դերերում էին՝ ծնող, ում երեխան ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, ծնող, առարկայական ուսուցիչ, աջակցության թիմի անդամ և դպրոցի տնօրեն։
Քննարկումը շատ բուռն ստացվեց, յուրաքանչյուր կողմ, մտնելով իր դերի մեջ, բարձրաձայնեց իրեն մտահոգող խնդիրները։ Վերջում նախարարության աշխատակցի դերում եկող անձը ներկայացրեց իր դիտարկումները ներկա իրավիճակի վերաբերյալ։
Խնդիրների բազմակողմ վերհանումը շարունակվեց խմբային քննարկման միջոցով։ Ձևավորվեց 4 խումբ հետևյալ տրամաբանությամբ՝ ուսուցիչ-ուսուցչի օգնական, ծնող-ծնող, աջակցման թիմի անդամ-տարածքային գնահատման կենտրոնի աշխատակից, դպրոցի տնօրեն-ԿԳՆ աշխատակից։
Ներառական կրթության խնդիրները վեր հանելուց հետո թիմերը փորձեցին մշակել լուծման ուղիներ։
Անդամ կազմակերպությունների ոլորտային կարողությունների զարգացումը ուղղված էր առավել քաջատեղյակ և իրազեկ կոալիցիայի ձևավորմանը ի նպաստ կոալիցիայի ռազմավարությամբ առաջ քաշված նպատակների առավել գրագետ իրականացմանը։
Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիան միավորել է 35 մարզային ՔՀԿ-ների ջանքերը ի նպաստ ՀՀ-ում ներառական կրթության կայացման և հաշմանդամություն ունեցող երեխաների շահերի պաշտպանությանը։