Commitment to Constructive Dialogue

Կայացավ «Սոցիալական ձեռնարկատիրության զարգացումը» խորագրով համապետական համաժողովը

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում տրամադրված «Սոցիալական ձեռնարկատիրությունը համայնքային զարգացման մեխանիզմ» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում,«ԷկոԼաբ» կենսակայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության հիմնադրամի համաֆինանսավորմամբ և ԵՊՀ ձեռներեցության զարգացման կենտրոնի աջակցությամբ ապրիլի 26-ին Երևանի պետական համալսարանում անցկացվեց «Սոցիալական ձեռնարկատիրության զարգացումը» խորագրով համապետական համաժողովը։

Այն դարձավ կենդանի հարթակ, որը հնարավորություն տվեց ոլորտի տասնյակ դերակատարներին քննարկելու սոցիալական ձեռնարկատիրության (ՍՁ ) էկոհամակարգին առնչվող կարևորագույն խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները։

ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանն իր ողջույնի խոսքում նշեց. «Մենք շատ ուրախ ենք, որ Երևանի պետական համալսարանը դառնում է յուրահատուկ հարթակ սոցիալական ձեռներեցության համապետական ներուժի համախմբման, քննարկման և հեռանկարները նախանշելու համար: Տարիներ առաջ մենք այս խնդրի վերաբերյալ այստեղ ներկա շատ կազմակերպությունների հետ արդեն իսկ ունեցել ենք որոշակի փոքր ծրագրեր»:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Ստանիսլավ Տոշկովը: «Եվրամիության պատվիրակությունը Հայաստանում հետաքրքրված է սոցիալական ձեռնարկատիրության թեմայով և մենք այս թեմայով հետաքրքրված ենք, որովհետև մեզ նաև հետաքրքրում է տնտեսական զարգացման թեման, բայց մեր գործունեությունը կենտրոնանում է նաև քաղհասարակության կազմակերպություններին, բնապահպանական միջոացառումների ծրագրերին օժանադակելուն:  Սոցիալական ձեռնարակտիրությունը կարծես կամրջում  է մեր մասնավոր սեկտորի և քաղհասարակության հետ աշխատանքը: Ինձ համար այս վերջին տարիներին շատ հետաքրքիր էր հետևել Հայաստանում այս ոլորտի առաջընթացին և այս միջոցառումը նույնպես այդ առաջընթացի կարևոր քայլերից է» ,-ասաց նա:

Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի ղեկավար Սաթիկ Բադեյանը նշեց, որ համաժողովը նպատակ ուներ հարթակ ստեղծելու ոլորտում դերակատարում ունեցող բոլոր անձանց համար. «Դեռևս 2015 թվականին, երբ ստեղծվեց Սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիան, այն ժամանակ դեռևս 7 հիմնադիր կազմակերպությունների կողմից, մենք սահմանեցինք մեր ռազմավարությունն ու հետագա տեսլականը, որի շրջանակում մենք հետագայում Հայաստանը տեսնում էինք մի այնպիսի վայր, որտեղ ողջ բիզնեսն իր տնտեսական գործունեությունը կառուցում է ի նպաստ համընդհանուր բարօրության»,-ասաց նա:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը նշեց, որ սոցիալական ձեռնարկատիրությունն իրապես շատ կարևոր ու զարգացող ուղղություն է Հայաստանում: Նա նշեց նաև առկա խնդիրները՝ մասնավորապես ներկայացնելով դրանք. «Ոլորտի կարևորագույն խնդիրներից է սոցիալական ձեռնարակտիրության էկոհամակարգի խնդիրը, դրա բաղադրիչների, բոլոր դերակատարների հետ կապված խնդիրը, ընդհանուր համագործակցության ու համակարգման խնդիրը Հայաստանում, չձևավորված մեկ տեսլականը՝ քաղաքական որոշումներ կայացնող անձանց մոտ և դրա բացակայությունն է, որ մենք այսօր նաև կառավարությունից այս կարևոր համաժողովին ներկայացուցիչ չունենք»:

Էկոլաբ հիմնադրամի տնօրեն Յանա Մկրտչյանն ասաց, որ հիմանդրամն արդեն 8 տարի է, ինչ գործում է Հայաստանում, իսկ 4 տարի առաջ, երբ ծրագրի մասնակիցների հորդորում էին, որ իրենց ծրագրերն ու գաղափարները լինեն առավել կենսակայուն ու շարունակական, չէին էլ մտածում, որ կհանգեն սոցիալական ձեռներեցություն գաղափարին: «Սոցիալական ձեռներեցությունը դարձավ մեր ռազմավարական կարևոր ճյուղերից մեկը, որով մենք հիմա զբաղվում ենք»,- նշեց նա:

Բացման պաշտոնական հատվածից հետո համաժողովն իր աշխատանքը շարունակեց պանելային քննարկումների ֆորմատով: Քննարկումներն անցկացվեցին 3 հիմնական թեմաների շուրջ՝

  • Սոցիալական ձեռնարկատիրության էկոհամակարգը և ոլորտի զարգացմանն աջակցող մեխանիզմները,
  • ՍՁ իրավական կարգավորման հարցերը,
  • ՍՁ կրթության խնդիրներն ու զարգացման հնարավորությունները:

Առաջին քննարկում վարում էր Փոքր և միջին ձեռնարկությունների համագործակցության ասոցիացիայի փոխնախագահ Հակոբ Ավագյանը: «Տարիներ առաջ, երբ ինձ ասացին «սոցիալական ձեռնարկատիրություն», ես հարցրի, թե դա ի՞նչ է: Այսօր էլ, համաժաողովի բացման արարողության ժամանակ գործընկերներս, ցավոք, նշեցին, որ չունենք փաստաթուղթ, որում արձանագրված է, թե դա ինչ է: Շատ լավ է, որ քննարկումներից մեկը դրա մասին է լինելու»,-նշեց Հակոբ Ավագյանը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Ստանիսլավ Տոշկովը ներկայացրեց, թե առաջիկայում ինչ ծրագրեր են սպասվում ոլորոտի ետ կապված՝ նշելով, որ երբ սոցիալական ձեռնարկատիրության մասին խոսում են ԵՄ պատվիրակությունում, նախևառաջ հետաքրքրում է դրա երկակի առաքելությունը:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը նշեց, որ միգուցե վատ չէ, որ այս պահին չկա սոցիալական ձեռնարկատիրության սահմանումը. «Ինչու՞մ են տեղական իշխանություններն ու սոցիալական ձեռնարկատիրությունը խաչվում առաջին հերթին. երկուսն էլ հակված են արդյունավետ լուծել սոցիալական խնդիրները: Եթե այս ելակետից սկսենք, մենք կտեսնենք մեր ընդհանուր խնդիրները: Ես կարծում եմ, որ մենք ունենք Հայաստանում մեծ փոփոխություններ իրականացնելու կարիք, որ առանձին դեպքերից բացի սոցիալական ձեռնարկատիրությունը դառնա մեր կյանքում փոփոխություններ բերող շարժում»:

Հայկական բարեգործական ընդհանուր միության «Քաղաքացիական հասարակության կամուրջ» ծրագրի ղեկավար Տաճատ Ստեփանյանի խոսքով, սոցիալական ձեռնարկության նպատակը սոցիալական խնդրի լուծումն է հասարակությունում, համայնքում, երկրում: Նա նաև նշեց, թե ինչու է կարևորվում համայնքների դերն առանձնապես. «Սոցիալական խնդրի ի հայտ բերումն ավելի հեշտ է այն կազմակերպությունների համար, որոնք հենց համայնքում շփումներ են ունենում մարդկանց հետ»:

Սոցիալական ձեռնարակտերերի շրջանում որպես «Կալավանի Ռոբերտ» անունով հայտնի Ռոբերտ Ղուկասյանը, ով «Թայմ լենդ» գիտաուսումնական հիմնադրամի ներկայացուցիչն է, իր սեփական փորձով ներկայացրեց սոցիալական ձեռնարկատիրության զարգացման հնարավորությունների ու առկա խոչընդոտների մասին: «Բոլորն ունեն նպատակներ ձևավորված, բոլորը հստակ գիտեն, թե ինչ է պետք անել, բացի մեկ օղակից և դա համայնք է ու քանի դեռ այդպես լինի, մենք էական առաջընթացներ չենք ունենալու»,-նշում է նա ու հավելում, որ ողջ խնդիրը համակարգային է, քանի որ Հայաստանում չկա մի գյուղ, որ պոտենցիալ չունենա զարգանալու:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց ԿԵՀ ծրագրի ազդեցությունը ոլորտում առաջացած խնդիրների լուծման հարցում՝ նշելով, որ ծրագրի շրջանակներում ձևավորվել է Հայական բիզնես կոալիցիան, որը կարևորագույն աշխատանքներ է կատարում սոցիալական ձեռնարկատիրության կրթական մոդելի հետ կապված: Բարձրաձայնելով ոլորտային խնդիրների մասին, նա նշեց. «Իմ կարծիքով Հայաստանում խնդիրը կայանում է էկոհամակարգի բոլոր դերակատարների միջև ներդաշնակ համագործակցության բացակայությունը, ինչպես նաև այդ ջանքերի համախմբումը: Ինչպես գիտենք, այդ հիմնական դերակատարներն են քաղաքականութան ոլորտում որոշումներ ընդունողները, ոլորտային պատկան մարմինները, ՏԻՄ-երը, կրթական հաստատություններն ու հետազոտական կենտրոնները»,-մանրամասնեց նա:

Համաժողովին ելույթ ունեցավ նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Կարևորելով ոլորտը՝ նա նշեց, որ սոցիալական ձեռնարկությունների հաջողած փորձերը համակարգային նշանակություն ունեն:

Համաժողովի երկրորդ քննարկումը ծավալվեց սոցիալական ձեռնարկատիրության հայեցակարգի և իրավական դաշտի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, Գործարարության աջակցման գրասենյակի ներկայացուցիչ Գևորգ Պողոսյանը, Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի ղեկավար Սաթենիկ Բադեյանը, կառավարման և զարգացման խորհրդատու Կարեն Սարգսյանը, Փոքր և միջին ձեռնարկությունների համագործակցության ասոցիացիայի փոխնախագահ Հակոբ Ավագյանը:

Երրորդ քնարմանը բանախոսների քննարկումները ծավալվեցին սոցիալական ձեռնարկատիրության ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության թեմայի վերաբերյալ: Թեմայի քննարկմանը մասնակցում էին «Իմփաքթ Հաբ Երևան»-ի նեկայացուցիչ Սառա Անջարգոլյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոֆիա Հովսեփյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի ներկայացուցիչ Մարի-Հրաչուհի Պողոսյանը, կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, Սոցիալական ձեռներեցների դպրոցի ներկայացուցիչ Գոհար Մկոյանը և ոչ ֆորմալ կրթության ուսուցանող, փորձագետ Զարուի Լավչյանը:

Հավելենք, որ համաժողովի շրջանակում անցկացվեց նաև Սոցիալական ձեռնարկությունների համապետական ցուցահանդես-վաճառք, որտեղ իրենց ծառայություններն ու ապրանքները կներկայացրին ՀՀ տարբեր մարզերում գործող շուրջ 50 ՍՁ-ներ: Կարի արհեստանոց, պլաստիկի վերամշակման գործարան, հրուշակեղենի արտադրամաս. նորաստեղծ սոցիալական ձեռնարկատիրությունները ոչ միայն մի քանի տասնյակ նոր աշխատատեղ են ստեղծել, այլև իրենց շահույթի 50%-ից ավելին ուղղում են իրենց համայնքի խնդիրների լուծմանը՝ ապաստան անօթևան երեխաներին, մասնագիտական կրթության ապահովում, էկոհամակարգի պահպանություն, հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածություն և այլն։