Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում՝ իրականացվող «Հասանելի բուհական կրթություն» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում ապրիլի 26-ին Գորիսում՝ Գորիսի պետական համալսարանում, տեղի է ունեցել «Հասանելի բուհական կրթություն․ մարտահրավերներ և լուծման ուղիներ» թեմայով մարզային ֆորում։
Ծրագիրն իրագործվում է ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից:
Մարզային ֆորումը նպատակ ուներ շահագրգիռ կողմերին ներկայացնելու Սյունիքի մարզի 3 բուհերում՝ (Գորիսի պետական համալսարան, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Կապանի մասնաճյուղ, «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի Սիսիանի մասնաճյուղ), իրականացված կրթաթոշակների և ֆինանսական աջակցության քաղաքականության մոնիթորինգի զեկույցը։
Մարզային ֆորումին մասնակցում էին վերոնշյալ բուհերի ռեկտորներ, դասախոսներ, ուսանողներ, Գորիս համայնքի ՔՀԿ-ների և ՏԻՄ-երի ներկայացուցիչներ։
Մարզային ֆորումի մասնակիցներին ողջունեց և միջոցառման կարևորությունն ընդգծող ելույթներով հանդես եկան ԳՊՀ-ի ռեկտոր Արտյուշա Ղուկասյանը, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Կապանի մասնաճյուղի տնօրեն Արթուր Կոստանդյանը և ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը։
Արտաշես Տոռոզյանը ներկայացրեց մոնիթորինգի զեկույցը։ Նշենք, որ քննարկման ժամանակ մասնակիցները հետազոտության արդյունքում բացահայտված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ ներկայացրին: