Commitment to Constructive Dialogue

Տեղի ունեցավ ԵՄ-Հայաստան ՔՀԿ-ների պլատֆորմի ստեղծման գործընթացին մասնակցութան և իրավապաշտպանների դեմ սպառնալիքների ու ատելության խոսքի կրճատման վերաբերյալ հանրային քննարկումը

Մայիսի 2-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, տեղի ունեցավ «Միջազգային Քաղաքացիական Հասարակության Շաբաթ 2019թ.-ի արդյունքների և ԵՄ-Հայաստան ՔՀԿ-ների պլատֆորմի ստեղծման գործընթացի ներկայացում, ՔՀԿ-ների դերը մարդու իրավունքների պաշտպանության և հանրային քաղաքականությունների մշակման գործում» խորագրով հանրային քննարկումը:

Համաժողովի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:

«Թավշյա հեղափոխութունից հետո քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և կառավարության երկխոսությունը, կարծում ենք, էլ ավելի ամուր, կառուցողական և արդյունավետ պետք է լինի: Այս առումով մեր ծրագրի շրջանակներում մենք օգնել ենք 100-ից ավել ՔՀԿ-ների՝ իրենց գիտելիքներն ու կարողությունները զարգացնել ու ամրապնդել փաստարկված հանրային քաղաքականությունների մշակման, հանրային վերահսկողության իրականացման, կոալիցիաների, ցանցերի ստեղծման և կառավարության հետ կառուցողական և կայուն երկխոսության հաստատման ոլորտներում»:

Նա նշեց, որ տարբեր նախարարությունների հետ համագործակցության մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել և ակտիվ աշխատանքներ են ընթանում:

«CIVICUS» Քաղաքացիների մասնակցության համաշխարհային դաշինքի կարողությունների զարգացման ղեկավար Աննա Ավագյանը ներկայացրեց «Միջազգային Քաղաքացիական Հասարակության Շաբաթ 2019» միջոցառման արդյունքները: Նա նշեց, որ հայաստանյան ՀԿ-ներն այդքան էլ ակտիվ մասնակցություն չեն դրսևորում միջոցառմանը, ինչը նաև իրազեկվածության պակասից է: «Այս միջոցառումը «CIVICUS»-ը կազմակերպում է ամեն 18 ամիսը մեկ և արդեն բավականին մեծ հայտնիություն ունի: Այս տարվա թեմատիկան «Միասնականության ուժ»-ն էր. մենք մտածեցինք, որ ամբողջ աշխարհում քաղաքացիական հասարակության տարածքը քանի գնում փոքրանում է և ավելի դժվար է լինում ՔՀԿ-ներին իրենց մանդատը կատարել»,-նշեց նա:

Հայաստանում Ամերիկյան համալսարանի Շարունակական կրթության բաժնի ղեկավար Սերգեյ Թանթուշյանը ներկայացրեց ԿԵՀ ծրագրի և Ամերիկյան համալսարանի, ինչպեսև ՔՀԿ-ների համագործակցության արդյունքները: «Մենք մի ծրագիր ներկայացրեցինք, որը 4 կուրսերից էր բաղկացած, որին հաջողությամբ մասնակցեցին ՔՀԿ-ների 118 ներկայացուցիչներ»,-ասաց նա:

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ ղեկավար Գայանե Վարդանյանը ևս խոսեց համաժողովին ունեցած մասնակցության ու դրա արդյունքների, Հայաստանի նկատմամբ եղած հետաքրքրության մասին: «Մեզնով ինչու՞ էին հետաքրքրված. հաշվի առնելով թավշյա հեղափոխությունը և դրա մեջ ամբողջ հասարակության և ՔՀԿ-ների դերակատարությունը, մեզ առանձնահատուկ դեր էր տրված և ես ամբողջ քննարկման ընթացքում «սպիտակ ագռավի» դերում էի, որովհետև բոլոր այն հարցերը, որ դրվում էին սեղանին ու շատ սուր խնդիրներ էին բարձրացվում այլ երկրների կողմից, մասնավորապես ասիական և աֆրիկյան երկրների կողմից, դրանք, հուսով եմ, որ այնքան էլ տեղ չունեին Հայաստանում»,-ասաց նաև և ներկայացրեց համաժողովին բարձրացված քննարկումների թիրախային կետերը:

«Նմանատիպ միջոցառումներն ինձ միշտ հնարավորություն են տալիս կողքից գնահատել Հայաստանում իրականացվող գործընթացների վիճակն ու զուգահեռականներ անցկացնել դրանց միջև՝ ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած պետություններում: Հայաստանը շատ դեպքերում, որոշ ոլորտներում ու որոշ հմտություններով կարող է ներկայացվել որպես լավագույն փորձի օրինակ և այսօր Հայաստանում ՔՀԿ-ների զարգացվածությունն ու կայացվածությունը հասել է այն մակարդակին, որ մենք կարող ենք մեր փորձը ներկայացնել ոչ մաիյն զարգացող, այլև զարգացած պետություններին». իր խոսքում նշեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի Կառավարություն-ՔՀԿ երկխոսության համակարգող/իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը: 

ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման ծրագրի ղեկավար Աստղինե Պասոյանը խոսեց ոլորտում անրային քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործընթացում ՔՀԿ-ների դերի մասին: Նրա խոսքով, օրինակ, բնապահպանության ոլորտում քաղաքացիական նախաձեռնություններին օժանդակելու փորձի ժամանակ մասնագիտական աշխատանքի պակասի խնդրին են բախվել, որի պարագայում միասին ինչ-որ օրակարգի շուրջ պայքար տանելը մասնագիտական էթիկայի տեսանկյունից անընդունելի է դառնում: Աստղինե Պասոյանը նշում է, որ միշտ պետք է գործընկերային հարաբերություններ ունենալ կառավարության հետ, քանի որ անձնական նկատառումներից ելնելով տարբեր պաշտոնյաների հետ ինչ-ինչ աշխատաքներ չտանելու հետևանքները չեն բխում երկրի շահերից:  «Մենք ստեղծեցինք ՀԿ-ների կոալիցիան, 25 ՀԿ միացավ և հենց առաջին ժողովից պարզ դարձավ, որ մենք շատ աշխատանք ունենք տանելու իրենց հետ, դա պատասխանատվություն է ու պետք է բոլորի հետ այնքան աշխատենք, որ ոլորտի խնդիրների օրակարգը այնքան տիրապատեն, որ կարողանան ինքնուրույ պայքարել դրա համար»,-ասաց նա:

Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիայի անդամ «Իրավունքի ուժ» ՀԿ ներկայացուցիչ Անաիդա Միքայելյանը ներկայացրեց «Մարդու իրավունքներ. մշտադիտարկում և հրապարակայնություն» ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները՝ Իրավապաշտպանների դեմ սպառնալիքները Հայաստանում թեմայով:  «Շուրջ մեկ տարում մենք արձանագրել ենք 19 դեպք, որից թիրախավորել ենք իրավապաշտպանակն երեք գործունեություն իրականացնող անձանց մասնագիտություններ, դրանք լրագրողներն են, փաստաբանները կամ իրավապաշտպան գործունեություն ծավալող կազմակերպությունները կամ առանձին անձիք, ովքեր իրավապաշտպանական գործով են զբաղվում»,-նշեց նա:

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը ներկայացրեց ԿԵՀ-ի կողմից իրականացվող «Հանուն Հայաստանի երիտասարդության շրջանում արմատականացման, այլատյացության եւ ատելության քարոզի հաղթահարման» ենթադրամաշնորային ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները՝ Հայաստանում ատելության խոսքի և դրա դրսևորումների վերաբերյալ: Նա նշեց, որ այսօր ատելության խոսքը բավականին մեծ տարածում ունի հատկապես սոցիալական ցանցերում և չկա որևէ մեխանիզմ, որի միջոցով հնարավոր կլիներ դրանց իրավական գնահատակա տալ:  Հովսեփ Խուրշուդյանը որպես օրինակ է բերում վճռաբեկ դատարանի 2013 թվականին ընդունած նախադեպային որոշումը, որում սահմանվել էր, թե ինչը պետք է դիտարկել որպես վիրավորանք. «Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ արատավորող արտահայությունը այն արահայտությունն է, որը հասարակության անդամների գնահատմամբ նսեմացնում է անձի արժանիքները հանրության շրջանում, նրան ենթարկում է ծաղր ու ծանակի, ընդունակ է անձին վերածել ատելության կամ արհամարհանքի առարկայի կամ ստիպում է ամաչել անձին կամ այլ մարդկանց խուսափել տվյալ անձից»,-նշում է նա:

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ԵՄ-Հայաստան ՔՀԿ-ների պլատֆորմի ստեղծման աշխատանքների ընթացիկ վիճակը և առաջիկա անելիքները ներկայացրեց ԱԼԳ CORLEAP համանախագահ, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը: «Դեռևս քաղհասարակությունը բավարար չափով չի կարևորում, չի իմաստավորում և բավարար չափով ներգրավված չէ այս գործընթացներում և ժամանակն է, որ ավելի ուժեղ ամբիցիաներ դրսևորի քաղհասարակությունը: Հայաստանում մենք ունեցանք բավական էական փոփոխություններ և քաղհասարակության դերի ու վերաիմաստավորման բավական մեծ կարիք կա, քանի որ, եթե մենք ուզում ենք իրապես ժողովրդավարական երկիր ունենանք թե՛ ազգային, թե՛ տեղական մակարդակներում, մենք պիտի ունենանք ակտիվ քաղաքացիներ: Սա մի մարտահրավեր է, որի առաջ կանգնած է մեր քաղհասարակությունը»,-նշեց նա: Էմին Երիցյանը հավելեց, որ ԿԵՀ ծրագրի շրջանակներում 10 կոալիցիաներ ստեղծել են Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցը, որին անդամակցում են ավելի քան 250 քաղասարակության կազմակերպություններ և այս տեսանկյունից կարևոր է, որ սույն բազմաշահառու ցանցն անմիջականորեն մասնակցի ԵՄ-Հայաստան ՔՀԿ-ների պլատֆորմի աշխատանքներին:

Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի փորձագետ, ՊԵԿ-ՔՀԿ աշխատանքային խմբի անդամ Արտյոմ Մեսրոպյանը ներկայացրեց «Հիմնադրամների մասին» և «ՀԿ-ների» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերը լրամշակելու նպատակով ստեղծված ՊԵԿ-ՔՀԿ աշխատանքային խմբի ընթացիկ վիճակը և առաջիկա անելիքները: «Շատ կարևոր է, որ քաղասարակություն-պետություն հարաբերությունները իրավական առումով ճիշտ հարթության վրա դրվեն և ճիշտ մոտեցումներ դրսևորվեն նաև այս հարցում և իրավական որոշակի գործընթացներ գնան, որը քաղհասարակության դերը նորից կվերաիմաստավորեն»,-նշեց նա:

Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռուստամ Բադասյանը հիշատակեց, որ ՔՀԿ-ների մասնակցությամբ արդեն աշխատանքային քննարկման հաջող նախադեպ եղել է. խոսք՝ը «Հիմնադրամների մասին» և «ՀԿ-ների» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերը լրամշակելու նպատակով անցկացված աշխատանքային քննարկումը: «Ես առաջարկում եմ, որ ևս մեկ աշխատանքային նիստ գումարենք և հաշվի առնենք մեր կարծիքների մոտցումները: Շատ լավ կլինի, որ վերջնական մեկ միասնական դիրքորոշում ունենանք և երևի դա այն բացառիկ դեպքերից կլինի, որ պետությունն ու քաղհասարակությունը իրար հետ գիտակցված գնում են փոփոխության, որով էլ պայամանվորված կլինի դրա հաջողությունը»,- ասաց Ռուստամ Բադասյանը:

Թունյանը

Ամփոփելով աշխատանքային քննարկումը, ԿԵՀ ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը նշեց, որ պետք է այնպիսի անխոցելի ու վստահելի նախագիծ մշակվի, որը բոլոր կողմերի համար ընդունելի կլինի: