Commitment to Constructive Dialogue

Ինչ է արվել և ինչ է արվելու «Կառավարման արդյունավետության ուսումնասիրություն խոշորացված 17 համայնքներում» ծրագրի շրջանակներում

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից հործարկվող «Կառավարման արդյունավետության ուսումնասիրություն խոշորացված 17 համայնքներում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում Գյումրիում՝ մայիսի 10-ին, մամուլի ասուլիս է կազմակերպվել Մեդիա երկխոսության կենտրոնում:

Ծրագիրն իրականացվում է «Մարդկային կապիտալի զարգացման տարածքային կենտրոն» ՀԿ-ի կողմից:

Հանդիպմանը մասնակցում էին Ախուրյան, Ազատան և Մարմարաշեն համայնքենրի ղեկավարները, ՔՀԿ-ների ներկայացուցիչներ, ԶԼՄ ներկայացուցիչներ՝ ընդհանուր թվով 17 մասնակից։

Բացման խոսքով հանդես եկավ «Մարդկային կապիտալի զարգացման տարածքային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, ծրագրի ղեկավար՝ Մելսիդա Կիկոյանը, ով ներկայացրեց ծրագիրը, ծրագրի շրջանակներում իրականացվելիք աշխատանքները և ակնկալվող արդյունքները և նշեց, որ 2015-17 թվականներին ՀՀ-ում իրականացված վարչատարածքային բարեփոխումների շրջանակում խոշորացման է ենթարկվել 465 համայնք և ձևավորվել 52 համայնք։

Գործընթացում դեռևս չի ընդգրկվել 450 համայնք, ինչը կազմում է մինչ բարեփոխումների մեկնարկը եղած համայնքների (915 համայնք) գրեթե կեսը: Վարչատարածքային բարեփոխումները ՀՀ-ում իրականացված են կիսով չափ:

Համայնքների խոշորացման 1-ին և 2-րդ փուլի վերաբերյալ ուսումնասիրությունները շատ են, սակայն ամենամեծաքանակ (2017թ-ին խոշորացվեց 325 համայնք և ձևավորվեց 34 բազմաբնակավայր համայնք) և փնջերի ձևավորման բազմազանությամբ տարբերվող խոշորացման 3-րդ փուլը դեռևս ուսումնասիրված չէ։

Ներկայումս Մարդկային կապիտալի զարգացման տարածքային կենտրոն» ՀԿ-ն «Կառավարման արդյունավետության ուսումնասիրություն խոշորացված 17 համայնքներում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացնում է վարչատարածքային բարեփոխումների 3-րդ փուլում խոշորացված 17 համայնքում բարեփոխումների արդյունավետության գնահատում (համաթվի հաշվարկի մեթոդով) և խոշորացման մոդելների արդյունավետության համեմատություն:

Ծրագրի փորձագետ Արսեն Աբրահամյանը առավել մանրամասն ներկայացրեց ծրագրի նպատակները և նշեց, թե ինչու են ընտրվել այդ 17 համայնքները: