Commitment to Constructive Dialogue

Տեղի ունեցավ «Հանուն որակյալ և հասանելի ներառական կրթության և սոցիալական աջակցության» ծրագրի փակման համաժողովը

Մայիսի 25-ին Աղվերանում տեղի ունեցավ «Հանուն որակյալ և հասանելի ներառական կրթության և սոցիալական աջակցության» ծրագրի փակման համաժողովը, որին ներկա էին ծրագրի շրջանակներում ստեղծված Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիայի անդամ կազմակերպությունների, ծրագիրն իրականացնող գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները և թեմայով հետաքրքրված այլ անձիք։

«Հանուն որակյալ և հասանելի ներառական կրթության և սոցիալական աջակցության» ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է 2018թ․ հունիսի 1-ից «Արմավիրի զարգացման կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», Վայոց Ձորի զարգացման «Հույս-98», «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների կողմից Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, որը գործարկվում է կոնսորցիումով՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ:

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Նաիրա Առաքելյանը ներկայացրեց ծրագրի նպատակը, իրականացրած գործողություններն ու ձեռքբերված արդյունքները։

Ծրագրի շրջանակներում իրականացվել է ներառական կրթության մոնիտորինգ Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի և Վայոց Ձորի դպրոցներում՝ պարզելու թիրախ մարզերում ներառական դպրոցական կրթության առկա վիճակը, հիմնախնդիրները և հնարավոր բարելավման ուղղությունները, ինչպես նաև ուսումնասիրվել են համայնքահեն աջակցության կենտրոնները վերը նշված թիրախ չորս մարզերում՝ բացահայտելով մարզային աջակցության կենտրոնների տեղակայվածության համաչափությունը, բաշխվածությունը, նրանց կողմից մատուցվող ծառայությունների քանակն ու որակը, կարիքները և բարելավման հիմնական ուղղությունները։

Հանրության կարծիքի ուսումնասիրության նպատակով իրականացվել են Town Hall ձևաչափով քննարկումներ Արմավիրում և Մարտունիում, որի շրջանակներում վեր են հանվել մարզերում ներառական կրթություն իրականացնող հանրակրթական հաստատությունների և համայնքահեն աջակցության կենտրոնների կողմից մատուցվող սոցիալական ծառայությունների որակի և արդյունավետության, հանրային քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացներում առկա խնդիրները, հիմնական բացթողումները, մարզերում խնդրի յուրահատկությունները, դրանց բաշխվածության խնդիրը, ինչպես նաև բարելավման հիմնական ուղղություններն ու քայլերը։ Քննարկումներին մասնակցել են ընդհանուր թվով 217 քաղաքացի:

Յուրաքանչյուր թիրախ մարզում ստեղծվել է մեկական աշխատանքային խումբ, որը բաղկացած է ՔՀԿ ներկայացուցիչներից, մոնիտորինգ իրականացնող ակտիվ անդամներից, ներառական դպրոցների ուսուցիչներից, ծնողներից, բարձր դասարանների աշակերտներից, աջակցության կենտրոնների մասնագետներից ու ՏԻՄ պատկան մարմիններից: Խմբերն ունենում են պարբերաբար հանդիպումներ, քննարկում և վեր են հանում ոլորտային խնդիրներ, հարակից խոչընդոտներ, ներառական կրթության հիմնական մարտահրավերները, ինչպես նաև հայտնում սեփական կարծիքները ոլորտը բարելավելու կապակցությամբ:

Ծրագրի ազդեցությամբ ձևավորվել և շարունակում է ամրապնդվել համագործակցությունը մարզային ՔՀԿ-ների ու կառավարության, ինչպես նաև այլ պետական մարմինների միջև՝ մեծացնելով հանրային քաղաքականությունների մշակման գործընթացներում ՔՀԿ-ների դերն ու մասնակցությունը։

Հանդիպման ընթացքում թեմայի արդիականությունն ու կարևորությունը ևս մեկ անգամ ապացուցվեց, քանի որ ներկաների միջև ծավալվեց բուռն քննարկում ներառական կրթության իրականացման խնդիրների հետ կապված։

Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիան շարունակելու է աշխատել ծրագրային խնդիրների լուծման ուղղությամբ և զբաղվել շահերի պաշտպանությամբ։