Commitment to Constructive Dialogue

ԿԵՀ ծրագրի շրջանակներում քննարկվել են պրոբացիայի և պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի հիմնախնդիրները

Մայիսի 30-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում գործարկվող «Քայլ դեպի արդար Հայաստան» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Հայաստանում պրոբացիայի ընկալումը և պայմանական վաղաժամկետ ազատման խնդիրները» թեմայով կլոր սեղան-քննարկում:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը, ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանը, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ տնօրեն, «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը, «Սոցիալական արդարություն» ՀԿ տնօրեն, Ցանցի անդամ Արշակ Գասպարյանը, Արդարադատության նախարարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Փոխնախարար Տիգրան Խաչիկյանը հանդես եկավ ողջույնի խոսքով՝ կարևորելով նման ձևաչափով քննարկումների կազմակերպումն ու ընդգծել, որ սա արդյունավետ հարթակ է ոլորտում առկա խնդիրները գույքագրելու և համապատասխան լուծման ուղենիշեր ուրվագծելու համար: Փոխնախարարն, անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին, առանձնացրել է Պրոբացիայի ծառայության իրավական կարգավիճակի վերաիմաստավորումը:

«Պրոբացիայի ծառայությունը սոսկ պատիժը կատարող մարմին չէ, հետևաբար, Ծառայության կողմից պատժի կատարումը պետք է ուղեկցվի սոցիալ-հոգեբանական անհրաժեշտ գործիքակազմի ներդրմամբ ու կիրառմամբ, որի արդյունքում պրոբացիայի շահառուն կվերաինտեգրվի հասարակությանը»,-նշել է Տիգրան Խաչիկյանը՝ վստահեցնելով, որ Արդարադատության նախարարությունը հետևողական է լինելու քննարկման ընթացքում ներկայացվող արդյունավետ առաջարկների կիրառումն ապահովելու հարցում:

Հանդիպման ընթացքում Պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանն անդրադարձել է կադրերի վերապատրաստմանն ու դրա մեխանիզմների մշակման խնդիրներին, իսկ Արտակ Կիրակոսյանը և Արշակ Գասպարյանը, համապատասխանաբար, ներկայացրել են «Պրոբացիայի ծառայության ընկալումը պրոբացիայի շահառուների կողմից» ուսումնասիրության արդյունքներն ու պայմանական վաղաժամկետ ազատման կարգի մշակված փոփոխությունները:

Ծրագրի ղեկավար Արտակ Կիրակոսյանը ներկայացրեց նաև ցանցի կայքը, ապա՝ ծրագրի շրջանակներում իրականացված մշտադիտարկման արդյունքները: Նա նշեց, որ հարցման են ենթարկվել 117 շահառու և հարցերին պատասխանելով, նրանք ներկայացրել են իրենց կարծիքը, տեսակետը, ընկալումը  պրոբացիայի ծառայության վերաբերյալ:

Մանրամասն ներկայացվեցին արձանագրված խնդիրները, արված եզրահանգումները, որից հետո ծավալվեց բուռն քննարկում: