Commitment to Constructive Dialogue

Կայացավ «Ֆերմերների կոնգրես» խորագրով համաժողովը

Այսօր՝ մայիսի 31-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձանռություն» ծրագրի շրջանակներում կազմակվորված Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի կողմից «Մասնակցային քաղաքականություն՝ կայուն գյուղատնտեսություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Ֆերմերների կոնգրես» խորագրով համաժողովը, որը միաժամանակ ծրագրի ամփոփիչ միջոցառումն էր:

Համաժողովին մասնակցում էին Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջջիոլին,  ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը, Գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալներ Գառնիկ Պետրոսյանը, Տիգրան Գաբրիելյանը, ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող շուրջ վեց տասնյակ ֆերմերներ և կոոպերատիվների ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտի զարգացման գործում ներգրավված տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մասնակիցներին իր ողջույնը հղեց «Օքսեջեն» հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը, ով շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ նման կարևոր միջոցառմանը մասնակցելու համար: Նա խոսեց ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ԿԵՀ ծրագրից, վերջինիս շրջանակներում իրականացված « Մասնակցային քաղաքականություն՝ կայուն գյուղատնտեսություն» ծրագրից և արդյունքներից:

Նա իր խոսքում անդրադարձավ գյուղդաշինքի  ստեղծմանը, նպատակներին, գործունեությանը, այնուհետև ներկայացրեց տվյալ միջոցառման նպատակները՝ պաշտոնապես հայտարարել ծրագրի փակումը և հնարավորություն տալ ֆերմերներին հայտնել իրենց կարծիքները ծրագրի վերաբերյալ, քննարկել իրենց խնդիրները որոշում կայացնողների հետ: Նրա խոսքով ծրագրի շրջանակներում իրականացված Town hall ձևաչափով քննարկումների ժամանակ հավաքագրվել է ավելի քան 400 ֆերմերների առաջարկները, որոնք էլ հենց ընկած են իրենց կողմից մշակված հայեցակարգային փաստաթղթերի հիմքում:

Ողջունելով կոնգրեսի մասնակիցներին՝ Գառնիկ Պետրոսյանը նշեց, որ այն բացառիկ հնարավորություն է երկխոսության համար և հույս  հայտնել, որ համաժողովի մասնակիցների միջև կծավալվի արդյունավետ քննարկում, ինչը հնարավորություն կտա վեր հանել ոլորտի խնդիրները, ներկայացնել իրականացվելիք առաջնահերթությունները։

Գառնիկ Պետրոսյանի խոսքով՝ այժմ առաջնայինը գյուղատնտեսության ամենակարևոր ռեսուրսի՝ հողի արդյունավետ օգտագործումն է։ Նա տեղեկացրել է, որ մշակվում է նախագիծ, որի շրջանակում օրենսդրական լուծումներ կառաջարկվեն  հողերի կոսոլիդացիայի, վարձակալության, տարաժամկետ տրամադրման և մի շարք այլ մեխանիզմների կիրառմամբ՝ հողերի օգտագործման մակարդակը բարձրացնելու  ուղղությամբ։

Տիգրան Գաբրիելյանն իր հերթին նշել է, որ գյուղատնտեսությունը յուրահատուկ ոլորտ է, և պետք չէ այդ բնագավառում արագ փոփոխություններ ակնկալել: «Մեր նպատակն է աջակցել գյուղացիական տնտեսություններին ստանալ առավել բարձր եկամուտ, ավելացնել ՀՆԱ-ն, բարձրացնել արտահանման ծավալներն ու դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները, ավելացնել պարենային անվտանգության մակարդակը, զարգացնել գյուղատնտեսական գիտությունն ու կրթությունը, խթանել ագրոտուրիզմի զարգացումը», – ընդգծել է նա:

Նրա խոսքով` այդ ամենին հասնելու համար մշակվել է հատուկ ռազմավարություն, որում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հատկապես հողի և ջրի օպտիմալ օգտագործումը, հողերի կոնսոլիդացիան, ռիսկերի կառավարումն ու նվազեցումը, շուկայական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև օրգանական և բարձրարժեք գյուղմթերքի արտադրության խթանումը:

Անդրադառնալով Հայաստանի գյուղոլորտում Եվրամիության կողմից իրականացվող ծրագրերին` միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջջիոլին նշել է, որ դրանցում կարևորագույն շեշտը դրվում է արժեշղթայի և կոոպերատիվների ձևավորման վրա և հավելել, որ այդ ծրագրերի շնորհիվ արդեն իսկ ձևավորվել են 53 գյուղատնտեսական կոոպերատիվներ և 4 խմբեր, ինչպես նաև հատապտուղների ավելացված արժեքի ուղղությամբ աշխատանքներ  են կատարվել, աջակցություն է ցուցաբերվել բարձրարժեք գյուղմթերքի, այդ թվում` այծի պանրի արտադրության խթանման ուղղությամբ: Նա նաև հավելել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում գյուղատնտեսական ենթակառուցվածքների և արոտավայրերի հողերի  վերականգնման ուղղությամբ:

ՀՀ տարբեր մարզերից ներկայացած ֆերմերները մեկը մյուսին հաջորդելով հարցեր էին ուղղում կառավարության ներկայացուցիչներին, համայնքապետարանների մասնակից ներկայացուցիչներին, բարձրացնում էին կարևոր խնդիրներ, իրենց կարծիքներն ու առաջարկներն էին ներկայացնում գյուղդաշինքի անդամները: