Commitment to Constructive Dialogue

Առաջնորդության դասընթաց՝ Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիայի անդամ կազմակերպությունների համար

Հունիսի 7-ին Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիայի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները անցան վերապատրաստում «Կազմակերպության ղեկավարում և առաջնորդություն» թեմայով։ Դասընթացը վարեց «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի նախագահ Արփինե Հակոբյանը:

Նշենք, որ Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիան (ՀԵՄԿ) ստեղծվել և հզորացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում:

Դասընթացի ընթացքում նախ մասնակիցները քննարկեցին «առաջնորդություն» հասկացությունը ու առաջնորդին բնորոշ հատկանիշները։ Այն հարցին, թե արդյոք առաջնորդներ ծնվում են, թե դառնում, մասնակիցները ըստ իրենց կարծիքների բաժանվեցին երեք խմբի։ Առաջին խումբը գտնում էր, որ առաջնորդ ծնվում են, այն կապված է խարիզմայի և բնավորության հետ, առաջնորդի հատկանիշները տրվում են ի ծնե։ Միայն մեկ մասնակից գտնում էր հակառակը, որ առաջնորդ ոչ թե ծնվում են, այլ դառնում։ Նրա կարծիքով, առաջնորդին բնորոշ հատկությունները կարելի է զարգացնել կամքի և փորձի միջոցով։ Երրորդ խումբը այն կարծիքին էր, որ առաջնորդի որոշ հատկանիշներ կապված են բնավորության հետ և տրված են ի ծնե, սակայն որոշ կարողություններ դրսևորելու համար անհրաժեշտ է դրանք զարգացնել։ Մասնակիցներից յուրաքանչյուրը բերեց իր համար առաջնորդի օրինակներ և քննարկեցին՝ արդյոք իրենք իրենց համարում են առաջնորդ, թե՝ ոչ, ինչպես են իրենք առաջնորդման իրենց հմտությունները կիրառում գործնականում՝ հասարակական կազմակերպություններում իրենց աշխատանքի ընթացքում։

Մասնակիցները գործնական վարժության միջոցով վեր հանեցին առաջնորդ և կառավարիչ տարբերությունները, քննարկեցին արդյունավետ առաջնորդման համար անհրաժեշտ հմտությունները (ակտիվամետություն, ռազմավարական մտածողություն, ժամանակի տնօրինում, հաղորդակցության հմտություններ, կոնֆլիկտների լուծում, թիմային աշխատանք): Մի քանի խմբային և անհատական վարժությունների միջոցով փորձ արվեց զարգացնել մասնակիցների վերը նշված հմտությունները։

Ներկաները դասընթացի երկրորդ մասում ծանոթացան նաև կազմակերպություններում գործող ընթացակարգերին, կարգերին և ձևանմուշներին, դրանց կազմման նրբություններին։ Կազմակերպական զարգացման հետևյալ ոլորտների համար անհրաժեշտ է մշակել կարգեր և ընթացակարգեր՝ ռազմավարական կառավարում և  ղեկավարում, ֆինանսական կայունություն, մարդկային ռեսուրսներ, արտաքին հարաբերություններ, ծառայություններ և հաշվապահություն։ Մասնակիցները տեղում ծանոթացան նաև կազմակերպությունների կարողությունների գնահատման գործիքին, որը հնարավորություն է տալիս կազմակերպությանը ինքնուրույն գնահատել իր ուժեղ և թույլ կողմերը։

Դասընթացի արդյունքում կոալիցիայի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները զարգացրին ղեկավարման և առաջնորդման իրենց հմտությունները, որոնք կարող են կիրառել իրենց ամենօրյա գործունեության մեջ, ինչպես նաև բարձրացրին իրենց իրազեկվածությունը՝ կազմակերպությունների աշխատանքների կանոնակարգման համար անհրաժեշտ կարգերի և ընթացակարգերի վերաբերյալ։

«Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիայի՝ ՀԵՄԿ-ի կարողությունների զարգացում» ծրագիրն իրականացվում է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում։
Կոալիցիայի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում ներառական կրթության կայացմանը և հաշմանդամություն ունեցող երեխաների շահերի պաշտպանությանը՝ մեծացնելով ՔՀԿ-ների ազդեցությունը այս ոլորտի հանրային քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացներում: