Commitment to Constructive Dialogue

«Նպաստառու ընտանիքների շահերի պաշտպանության և տեղեկացվածության խնդիրները» թեմայով աշխատաժողով Ծաղկաձորում

Հունիսի 8-9-ը Ծաղկաձորում անցկացվեց «Նպաստառու ընտանիքների շահերի պաշտպանության և տեղեկացվածության խնդիրները» թեմայով երկօրյա, արտագնա աշխատաժողով, որը կազմակերպվել էր  Տեղական ժողովրդավարության զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ «Պաշտպանված նպաստառու ընտանիք և իրազեկ քաղաքացի» ծրագրի շրջանակներում:

Այս ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ և Իրավաբանների հայկական ասոցիացիայի ղեկավարությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում:

«Պաշտպանված նպաստառու ընտանիք և իրազեկ քաղաքացի» ծրագրի հիմնական նպատակներն են

  • նպաստառու ընտանիքների շահերի, նրանց անդամների իրավունքների պաշտպանության հարցում գործատուների, սոցիալական ոլորտի ներկայացուցիչների դերի գնահատումը՝ նպաստառու ընտանիքի անդամների աշխատանքի հետ կապված խնդիրների հաղթահարման հարցում,
  • նպաստառու ընտանիքների շահերի և նպաստառու քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերում իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված հիմնարար առաջարկների մշակումը,
  • նպաստների համակարգի բարելավմանն ուղղված թիրախային առաջարկների մշակումը և պատկան մարմիններին ներկայացումը:

 

Աշխատաժողովի հիմնական զեկույցները կառուցված էին ծրագրի շրջանակներում իրականացված «Նպաստառու ընտանիքների շահերի պաշտպանության և նպաստառուների տեղեկացվածության խնդիրները» խորագրով հետազոտության արդյունքներով պատրաստված համապարփակ վերլուծական տեղեկանքի հիման վրա:

Հետազոտության հիմնական նպատակը նպաստառու ընտանիքների անդամների՝ աշխատանքի անցնելու հնարավորությունների և խնդիրների ուսումնասիրությունն էր՝ նրանց շահերի պաշտպանության և տեղեկացվածության համատեքստում: Այն իրականացվել է 2019թ. մարտապրիլ ամիսներին Երևանում և Գյումրիում: Անցկացվել են խորին հարցազրույցներ սոցիալական ոլորտի ներկայացուցիչների, փորձագետների և գործատուների հետ, ինչպես նաև ֆոկուս խմբային քննարկումներ նպաստառու ընտանիքների անդամների մասնակցությամբ:

Աշխատաժողովին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներ, Սոցիալական աջակցության տարածքային բաժինների աշխատակիցներ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ և սոցիալական աշխատողներ:

Աշխատաժողովի քննարկումների առանցքում նպաստների համակարգում առկա խնդիրներն էին: Մասնակիցները, հիմնվելով հետազոտության արդյունքների վրա, գնահատեցին համակարգի արդյունավետությունը, ինչպես նաև իրենց մոտեցումները ներկայացրին զեկույցում նշված՝ համակարգի բարելավմանն ուղղված առաջարկների իրատեսական լինելու առումով:

Մասնակիցները հիմնականում համակարծիք էին այն հարցում, որ նպաստների գործող համակարգը բավականաչափ ճկուն և արդյունավետ չէ: Այն նպաստառու ընտանիքներին ավելի շատ կախվածության մեջ է դնում և այնքան էլ միտված չէ նրանց՝ կայուն աշխատանք ունենալու խնդրի լուծմանը:

Ներկայացված առաջարկները կարևորելով՝ մասնակիցներն առանձնահատուկ ընդգծեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԱԺ-ի ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև ակտիվ համագործակցությունը, որն ուղղված կլինի նպաստների համակարգում սպասվող օրենսդրական փոփոխություններն առավել նպատակային և հասցեական դարձնելուն: Այս առումով առաջին քայլն արդեն արվել է. հունիսի 6-ին ԱԺ-ում «Պաշտպանված նպաստառու ընտանիք և իրազեկ քաղաքացի» ծրագրի փորձագետները հանդիպել են ԱԺ պատգամավորների հետ: