Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, «Հայկական բիզնես կոալիցիայի» կողմից իրականացվող «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ենթադրամաշնորհային ծրագրով «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում հունիսի 11-ին կազմակերպվել էր ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հանդիպում:
Հանդիպման հիմնական թեման «Ձեռնարկատիրական հաշտարարի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումն էր:
Հանդիպմանը ներկա էին կոալիցիայի ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ Մերի Մուրադյանը, Գևորգ Պապոյանը, Տիգրան Կարապետյանը, Բաբկեն Թունյանը և ուրիշներ, ՓՄՁ շահերը ներկայացնող հասարակական կառույցի ներկայացուցիչներ, փորձագետներ:
Հանդիպման ընթացքում ՓՄՁ համագործակցության հիմնադրամի փոխնախագահ Հակոբ Ավագյանը ներկայացրեց «Ձեռնարկատիրական հաշտարարի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը և դրա համար առկա նախադրյալները, միջազգային հաջողված փորձը: Ներկայացումից հետո բուռն քննարկում ծավալվեց:
Ներկաները, հատկապես ԱԺ պատգամավորները, տարբեր հարցադրումներ էին ուղղում, փորձելով հասկանալ, մեկ անգամ ևս հստակեցնել, թե, օրինակ՝ ինչ լրացուցիչ գործունեություն է իրականացնելու նշված կառույցը, որը չեն անում ՄԻՊ-ը և ՊԵԿ-ը, ինչպես է ֆինանսավորվելու կառույցը, նախատեսված է արդյոք աշխատակազմ, ինչ գործիքակազմ կունենա/կկիրառի կառույցը լուրջ ազդեցություն ունենալու համար:
Քննարկման և իրենց համար որոշակի պարզաբանումների արդյունքում, ԱԺ պատգամավորները կարծիք հայտնեցին, որ «Ձեռնարկատիրական հաշտարարի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտություն իրոք կա:
Այնուհետև Հակոբ Ավագյանը ներկայացրեց Բիզնես հաշտարարի գրասենյակի վերաբերյալ ՓՄՁ ներկայացուցիչների շրջանում իրականացված առցանց հարցման տվյալները, որոնք փաստում են, որ գործարաների մեծ մասը, առկայության դեպքում, կդիմի բիզնես հաշտարարի գրասենյակի օգնությանը: