Commitment to Constructive Dialogue

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում քննարկվել են հանձնաժողովի 2020-22թթ. միջնաժամկետ ծրագրային ծախսերը

Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամները հանձինս «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի իրավաբան-փորձագետներ Արտյոմ Մեսրոպյանի և Լուսինե Նալբանդյանի, ինչպես նաև հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի և ՔՀԿ-ների համակոռուպցիոն կոալիցիայի անդամ, «Թուխմանուկ» ՀԿ-ի նախագահ Մարիամ Չախոյանի աշխատանքային հանդիպում են ունեցել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Արմեն Խուդավերդյանի, հանձնաժողովի գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վոլոդյա Գասպարյանը, գլխավոր հաշվապահ Արման Խաչատրյանի հետ:

Քննարկման սկզբում պարոն Խուդավերդյանը ներկայացրեց, թե ինչ գործունեություն է ծավալում էթիկայի հանձնաժողովը, ներկայացրեց աշխատակազմի փոքրաթիվ լինելը և նրանց կողմից իրականացվելիք գործողությունների ծավալը։

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի իրավաբան-փորձագետ Արտյոմ Մեսրոպյանը նշեց․ «Առաջին անգամ մեր հետևողական ջանքերով սկսել ենք այս նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով քննարկել պետական մարմինների բյուջետային հայտերը հանրային լայն շրջանակների հետ։ Մեր կազմակերպությունը կարևորում է պետական մարմինների հետ կառուցողական երկխոսության  ծավալումը և ներկայացված առաջարկությունների հիման վրա բյուջետային հայտերի վերանայումը։ Հաշվի առնելով, որ նման ձևաչափը առաջին անգամ է կիրառվելու և փորձնական է, ակնկալվում է, որ հանրային լայն արձագանքի դեպքում կառավարությունը կնախաձեռնի այդ գործըթացի համար իրավական հիմքեր ստեղծելու և այն մշտակա և շարունակական դարձնելու համար»։

Իրավաբան-փորձագետ Լուսինե Նալբանդյանը հավելեց․ «Առաջին անգամ է, որ պահանջ կա միջնաժամկետ ծախսերի ծրագրում ընգրկել ոչ միայն ֆինանսական, այլև թիրախային, արդյունքային ցուցանիշներ՝  հստակ ցույց տալով, թե որն է ներկայացված ծրագրի նորարարությունը նախկին տարվա համեմատ, ինչին է ուղղված ծրագրի այս կամ այն միջոցառումը»։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գլխավոր հաշվապահ Արման Խաչատրյանը պատրաստել էր ներկայացում, որով ավելի համակարգված ցուցադրվեց ծրագրի ծախսային մասը և հիմնավորումները։ Ներկայացման ընթացքում և հետո իրավաբան-փորձագետները մի շարք դիտարկումներ արեցին բյուջետային հայտի թերությունների վերաբերյալ՝ ներկայացնելով առաջարկություններ։

Ներկայացվեցին նաև այլ առաջարկներ՝ բարելավելու միջնաժամկետ ծախսերի ծրագիրը բովանդակային տեսանկյունից։

Հանդիպման մասնակիցները նշեցին, որ հանձնաժողովը առաջարկությունների հիման վրա պատրաստակամ է վերանայել և շտկումներ անել բյուջետային հայտում: