Commitment to Constructive Dialogue

Արդարադատության նախարարությունում քննարկվել են նախարարության 2020-2022թթ․ միջնաժամկետ ծախսերի ծրագրի ու 2020թ. բյուջետային ֆինանսավորման հայտերը

Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Կարեն Զադոյանը, Պրոբացիայի ազգային ցանցի ղեկավար Արտակ Կիրակոսյանը, ծրագրի հանրային ֆինանսների կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը, հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի անդամներ, ասոցիացիայի ներկայացուցիչները, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագետները, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, արդարադատության նախարարության համապատասխան գերատեսչություններից ղեկավար կազմը և այլ ներկայացուցիչները աշխատանքային հանդիպում են ունեցել Արդարադատության նախարարությունում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արդարադատության նախարարության 2020-2022թթ․ միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2020թ․ բյուջետային ֆինանսավորման հայտերը, ինչպես նաև դիտարկումներ և համալիր նկատառումներ են արվել ընթացիկ ծրագրերի վերաբերյալ:

Կարեն Զադոյանն իր խոսքում նշեց․ «Հայաստանի ներկա համատեքստում մոտեցումը պետք է համակարգային լինի և միջնաժամկետ ծախսերի ծրագրերը և բյուջետային ֆինանսավորման հայտերը մեխանիկորեն չպետք է կրկնեն նախկին տարիներին ներկայացված ծրագրերը։ Ավելին, պետք է գիտելիքահեն և ռազմավարական հենքի վրա լինեն հիմնված»։
Ներկաները հղումներ կատարելով Արդարադատության նախարարության ներկայացրած հայտի դրույթներին, ծրագրերի ծախսային և իրավական հիմնավորումներին, նշեցին մի շարք խնդիրների և վիճահարույց կետերի մասին։
Առաջարկվեց, որ փոփոխությունները կատարվեն նախապես հաստատված և պետական մարմինների համար պարտադիր մեթոդական ցուցումների պահանջներին համապատասխան։