Commitment to Constructive Dialogue

Հայկական կրթական ցանցը մասնակցեց ԿԳՄՍՆ-ի կրթության ոլորտի 2020-2022 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիրը հանրային քննարկմանը

Հունիսի 12-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և կրթության ոլորտի փորձագետների քննարկմանը ներկայացրեց կրթության ոլորտի «2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագիրը, ներառյալ 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի» նախագիծը:
Հանրային քննարկմանը ակտիվ և բովանդակային մասնակցություն ունեցան նաև Եվրամիության կողմից ֆինանասավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ձևավորված Հայկական կրթական ցանցի անդամ կազմակեպությունները և ոլորտային փորձագետները:
Կայացած հանրային քննարկման առաջին հատվածում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը ներկայացրեց նախագիծը՝ ակնկալելով դրա վերաբերյալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջարկություններն ու դիտողությունները:
«Կրթությունը դիտարկում ենք որպես հիմնական իրավունք, այդ իսկ պատճառով կարևորվում է համընդհանուր, հավասարապես հասանելի, ներառական և որակյալ կրթությունը: Որպես ոլորտային քաղաքականության հիմնական թիրախներ՝ նախագծում առանձնացվել են որակյալ կրթության ապահովումը և կրթության մատչելիության ապահովումը»,-նշել է Արևիկ Անափիոսյանը։
«Այս բոլոր թիրախները տեղավորված են 8 բյուջետային ծախսային ծրագրերում՝ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն, բարձրագույն և հետբուհական կրթություն, հանրակրթություն, արտադպրոցական դաստիարակություն, ապահով դպրոց, կրթության որակի ապահովում, համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդնում, կրթության ոլորտում միջազգային և սփյուռքի հետ համագործակցության զարգացում»,-նշել է Արևիկ Անափիոսյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը և նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները մանրամասն անդրադարձ կատարեցին նաև հասարակական կազմակերպությունների և փորձագետների կողմից բարձրացված հիմնախնդիրներին:
Հայկական կրթական ցանցի համակարգող խորհրդի նախագահ Արտաշես Տոռոզյանի կողմից բարձրացվեց երկու հարց՝ ՄԿՈՒ ոլորտում կուտակված հիմնախնդիրների լուծման ուղղությամբ պետբյուջեի հատկացումների դինամիկան առաջիկա տարիներին, մասնավորապես շեշտադրելով դասավանդողների աշխատավարձի բարձրացման և սոցիալական փաթեթի տրամադրման հեռանկարներ։ Երկրորդը՝ ինչպիսի բյուջետային հատկացումներ են նախատեսված հանրակրթական դպրոցներում մասնագիտական կողմնորոշման խորհրդատվական համակարգի ներդրման համար 2020-2022 թվականներին։ Բարձրացված առաջին հարցին ի պատասխան ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը նշեց,-«Մենք ունենք ՄԿՈՒ հաստատությունների ելք-բյուջետային աջակցության հստակ պարտավորվածություն, որի շրջանակներում համապատասխան հաստատությունները աջակցություն են ստանալու շինարարական աշխատանքների իրականացման, առկա շենքային պայմանների բարելավման և նյութատեխնիկական բազայի համալրման ուղղությամբ: Ինչ վերաբերում է ՄԿՈՒ հաստատությունների կարիերայի ուղղորդման կենտրոններին, ապա նախորդ տարի 50, այս տարի արդեն 95 հաստատությունների տրամադրվելու է բյուջետային աջակցություն, իրականացվելու է մասնագետների վերապատրաստում։ Երկրորդ հարցին ի պատասխան, հանրակրթության վարչության պետի պաշտոնակատար Սյուզաննա Մակյանը նշեց, – «2012-2013 թվականներից մեր նախարարությունը սկսեց աշխատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարարության մասնագիտական կողմնորոշման կենտրոնի հետ։ Արդյունքում մշակվեց մեթոդաբանություն, թե ինչպես պետք է աշխատեն մասնագիտական կողմնորոշման կենտրոնները, ինչ վերապատրաստումներ պետք է անցնեն պատասխանատուները և ինչ բովանդակությամբ… Այս տարի «Փրկեք երեխաներին» կազմակերպությունը սկսել է աջակցել մեզ և արդեն 10 հանրակրթական դպրոցներում մասնագիտական կողմնորոշման կենտրոններ ենք հիմնել և պիտի աշխատենք ու հասկանանք, թե ինչ կարող ենք անել, ինչպիսի աշխատանքներ կարող ենք իրականացնել և ուր կարող ենք հասնել, եթե մենք այս ձևաչափով սկսենք աշխատել: Մենք հիմա միջոցներ չունենք, բյուջեում չենք նախատեսել, որովհետև, ըստ էության, չգիտենք ինչ ներդրման մասին է խոսքը, եթե որպես կենտրոն ենք դա հիմնադրում: Հույս ունենք, որ մեկամյա աշխատանքից հետո կկարողանանք որոշակի հետևություններ անել, որոշակի մշտադիտարկման փուլ անցնել, որից հետո կկարողանանք հասկանալ, թե ինչ միջոցներ են մեզ անհրաժեշտ մեկ դպրոցում մասնագիտական կողմնորոշման կենտրոնի հիմնադրման և պահպանության համար։ Եթե կլինեն կազմակերպություններ, որոնք կաջակցեն մեզ մասնագիտական կողմնորոշման կենտրոններ ստեղծել այն ձևաչափով, որով սկսել ենք մենք արդեն աշխատել, մենք շատ ուրախ կլինենք: Սա մեզ համար բավականին կարևոր է և առաջնային»:
Շնորհակալություն հայտնելով ակտիվ մասնակցության համար՝ հանդիպման կազմակերպիչները առաջարկեցին նախագծի վերաբերյալ բոլոր առաջարկություններն ու դիտողությունները գրավոր ներկայացնել նախարարություն, որոնք, ըստ պատասխանատուների, կքննարկվեն և հաշվի կառնվեն: