Commitment to Constructive Dialogue

Ոստիկանությունում քննարկվել է 2020-2022թթ միջնաժամկետ ծախսերի ծրագրի ու 2020թ. բյուջետային ֆինանսավորման հայտերը

Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում «Իրավաբանների հայկական  ասոցացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի անդամներ Մարատ Ատովմյանը և Արտյոմ Մեսրոպյանը սույն թվականի հունիսի 10-ին մասնակցել են ՀՀ ոստիկանության 2020 թվականի բյուջեի, ինչպես նաև 2020-2022 թվականների  միջնաժամկետ ծախսերի ծրագրի հայտերի քննարկմանը:

Քննարկմանը մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը, ֆինանսաբյուջետային վարչության պետ Արա Ասլիկյանը, պետի տեղակալ Վարդան Պետրոսյանը  և ֆինանսաբյուջետային վարչության այլ աշխատակիցներ:

Քննարկման ընթացքում ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյան  ներկայացրեց ոստիկանությունում վերջին ժամանակահատվածում ինչպես իրականացված, այնպես էլ իրականացվելիք բարեփոխումների հիմնական ուղղություններն ու դրանց ընթացքը:

Իրավաբան-փորձագետ Արտյոմ Մեսրոպյանն էլ նշեց. «Առաջին անգամ մեր հետևողական ջանքերով սկսել ենք այս նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով քննարկել պետական մարմինների բյուջետային հայտերը հանրային լայն շրջանակների հետ։ Մեր կազմակերպությունը կարևորում է պետական մարմինների հետ կառուցողական երկխոսության  ծավալումը և ներկայացված առաջարկությունների հիման վրա բյուջետային հայտերի վերանայումը։ Հաշվի առնելով, որ նման ձևաչափը առաջին անգամ է կիրառվելու և փորձնական է, ակնկալվում է, որ հանրային լայն արձագանքի դեպքում կառավարությունը կնախաձեռնի այս գործընթացի համար իրավական հիմքեր ստեղծելու և այն մշտակա դարձնելու  քայլեր»:

Ֆինանսաբյուջետային վարչության պետ Արա Ասլիկյանն մանրամասն ներկայացրեց Ոստիկանության 2020-2022թթ միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2020թ. բյուջետային ֆինանսավորման հայտերի հիմնական միջոցառումները, դրանց արդյունքային ցուցանիշները, ինչպես նաև Ոստիկանության թվաքանակի, պահպանման ծախսերի մեծությունը և գործունեության արդյունավետությունը, որոնք, որպես կանոն, գնահատվում են միջազգայնորեն ընդունված որոշակի ցուցանիշների հետ համեմատության հիման վրա(100 հազար բնակչի և (կամ) մեկ քառակուսի կիլոմետր (1քառ/կմ) տարածքի հաշվարկով ոստիկանության ծառայողների թիվը, մեկ ոստիկանին ընկնող ծախսերի մեծությունը, Ոստիկանության ծախսեր–համախառն ներքին արդյունք (ՀՆԱ) հարաբերակցությունը և այլ ցուցանիշներ): Նախատեսվող հատկացումներն ունեն հետևյալ կառուցվածքը.

    • Աշխատավարձեր և դրան հավասարեցված վճարումներ՝ 47.9 մլրդ դրամ, ամբողջի 70.5 %-ը,  
    • Նպաստներ, հարկեր, պարտադիր վճարներ, դրամաշնորհ, գործուղումներ և  հատուկ ծախսեր՝ 1,6 մլրդ. դրամ, ամբողջի 2.4 % -ը,
  • Ապրանքների, աշխատանքների ծառայությունների ձեռք բերման ծախսեր՝ 16.9 մլրդ դրամ, ամբողջի՝  24.9 %, որից կապիտալ ծախսեր՝ 1.6 մլրդ. դրամ կամ ամբողջի՝        2.4 %-ը:
  • Կրթահամալիրի պահպանման ծախսեր՝ 1.5 մլրդ.  դրամ, ամբողջի՝ 2.2 % -ը:

Այնուհետև Արտյոմ Մեսրոպյանի և Մարատ Ատովմյանի  կողմից հնչեցվեցին հարցեր և քննարկում ծավալվեց բյուջետային  հայտի հիմնական ծախսային 6 ծրագրերի շուրջ:

Վերջում կողմերը արձանագրեցին, որ ծավալված քննարկումները նպաստելու են ըստ առանձին միջոցառումների համար մշակված և ներկայացված քանակական, որակական և ժամկետային ցուցանիշների առավել հստակեցմանը ու բարելավմանը, ինչպես նաև այն հնարավորություն է ընձեռում մի կողմից էապես բարելավելու Ոստիկանության կողմից իրագործվող ծրագրերի նպատակայնությունն ու արդյունավետությունը, իսկ մյուս կողմից զգալիորեն մեծացնելու ոստիկանության գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողությունը: