Հունիսի 17-ին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Մենք լիիրավ անդամ ենք» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանի հետ:
«Մենք լիիրավ անդամ ենք» ծրագրի ղեկավար Գայանե Բալայանը և «Միջհամայնքային համագործակցություն հանուն գյուղական համայնքների զարգացման» ՀԿ-ի ղեկավար Արթուր Մելիքսեթյանը հանդիպման ժամանակ ներկայացրել են ծրագրի նպատակները և իրականացված գործողությունները։ Քննարկվել են հետազոտության արդյունքում վեր հանված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկները։ Ներկայացված առաջարկները հավանության են արժանացել Գ.Գասպարյանի կողմից։ Առաջիկայում փաթեթը կներկայացվի համապատասխան մարմիններին և կներառվեն անհրաժեշտ փաստաթղթերում։ Ըստ նախարարի տեղակալի ներկայացված առաջարկները առավել համապատասխան են Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գործառույթներին։
Հիշեցենք, որ «Մենք լիիրավ անդամ ենք» ծրագրի նպատակն է՝ բարելավել Լոռու մարզում գործող համայնքային աջակցության կենտրոնների (այսուհետ՝ Կենտրոններ) գործունեությունը` մշտադիտարկման արդյունքում վեր հանված հիմնախնդիրներին արդյունավետ լուծումներ առաջարկելով, ուշադրություն դարձնելով նաև այդ կենտրոնների ՀՈՒԵ ծառայությունների մատչելիությանը և հասցեականությանը: