Commitment to Constructive Dialogue

Լոռու մարզպետարանում քննարկվեցին 2020-2022թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի և ՀՀ 2020թ պետական բյուջեի հայտերի նախագծերը

Հունիսի 11-ին Լոռու մարզպետարանի դահլիճում անցկացվեց ՀՀ Լոռու մարզպետարանի կողմից կազմված 2020-2022թթ. ՄԺԾԾ-ի (միջնաժամկետ ծախսերի ծրագիր), ներառյալ ՀՀ 2020թ պետական բյուջեի հայտերի նախագծերի, ինչպես նաև հայտերի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների վերաբերյալ հանրային քննարկում, որը վարում էր Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը:

Վերջինս կազմակեպվել էր ՀՀ վարչապետի հանձնարարականով:

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում քննարկմանը ներկա էր նաև ծրագրի Վանաձորի գրասենյակի իրավաբան, ինկուբատորների պատասխանատու իրավաբան Զարինե Հովհաննիսյանը, ինչպես նաև այլ քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Գայանե Մարկոսյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց քննարկմանը մասնակից լինելու համար և նշեց, որ ակնկալում է ակտիվ հարց ու պատասխան:

Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնակատար Արտավազդ Բեջանյանը հանգամանորեն տեղեկատվություն ներկայացրեց քննարկվող հարցի վերաբերյալ:

Քննարկում ընթացավ վարչական սարքավորումների և հատուկ ու նպատակային այլ նյութերի, տեղեկատվական ծառայությունների, տարբեր նյութերի ու սնունդի համար հատկացվող գումարի աճի, տրանսպորտային նյութերի ծախսի նվազեցման, աշխատավարձի և պարգևատրման գումարների նվազեցման վերաբերյալ: Վերջինը պայմանավորված է կադրային փոփոխություններով՝ ընդունվել են նոր քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող աշխատակիցներ, որոնց աշխատավարձը ավելի ցածր է, քան նախկին աշխատակիցներինը:

Նշվեց նաև, որ 2021 թվականի համար նախատեսված է 674724.5 հազ. դրամ, 2022 թվականի համար՝ 682624.5 հազ. դրամ, ինչը հիմնականում պայմանավորված է աշխատավարձերի բնականոն աճով: