Commitment to Constructive Dialogue

Կայացավ «Աշխատողների իրավունքների պաշտպանության մոնիտորինգ» ծրագրի փակման արարողությունը

Հունիսի 18-ին Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից գործարկվող և «Մարդու իրավունքների միջազգային հանրություն» ՀԿ–ի կողմից իրականացվող «Աշխատողների իրավունքների պաշտպանության մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ արդյունքների ներկայացման և ծրագրի փակման արարաողությունը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ծրագրի մենթորների խմբի ղեկավար, արդարադատության և հարակից ոլորտների մենթոր Մարատ Ատովմյանը: Նա ողջունեց ներկաներին՝ ներկայացնելով ԿԵՀ ծրագիրը:

Աշխատանքի առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչ Ալվարդ Արշակյանը ներկայացրեց վաճառասրահների աշխատողների աշխատանքային պայմանների բարելավման  ուղղությամբ իրենց կողմից կատարվող աշխատանքը: Այն  իրենից ներկայացրել է իրազեկման սեմինարների կազմակերպում ցանցային գրեթե բոլոր սուպերմարկետներոմ: Նա նաև կարևորեց ծրագրի շրջանակներում արված աշխատանքը, մոնիթորինգի արդյունքները, դրանց բարձրաձայնումը:

Ընդգծվեց այն փաստը, որ թե՛ գործատուները, թե՛ աշխատողները իրազեկվել են և իրականում իրավիճակային դրական փոփոխություն չունենալով, հարցերին պատասխանելիս սկսել են ներկայացնել այնպես, ինչպես որ ըստ օրենքի պետք է լինի:

Հետազոտության իրականացնող թիմի վերլուծաբաններ Լիլիթ Ավդալյանը և Էլեն Մանասերյանը ներկայացրեցին հետազոտության մեթադաբանությունը, դիտարկումների հարցումների, խորը հարցազրույցների արդյունքները, սուպերմարկետներում աշխատողների իրավունքների ոտնահարման համատարած բնույթ կրելը (առանց աշխատանքային պայմանագրի աշխատելը, առանց հավելավճարի արտաժամյա, այդ թվում նաև գիշերային ժամերին աշխատելը, 12,  իսկ երբեմն ավել ժամերով աշխատելը՝ ընդ որում, ընդամենը 15 րոպե ընդմիջումով, տարեկան և ամսական հանգստի իրավունքներից չօգտվելը, 12 ժամ ոտքի վրա կանգնած լինելու պարտադիր պայմանը և այլն),  հիմնախնդրի իրավական հիմքերի վերլուծությունը,  դրանց հիման վրա մշակված առաջարկությունները:

Հարկ է նշել, որ հարցումների կազմակերպումը դժվար իրականացվող աշխատանք է եղել,  քանի որ աշխատողները, շատ դեպքերում վախենալով աշխատանքից զրկվելու հանգամանքից, չեն ցանկացել մասնակցել հարցմանը:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը և ներկայացրեց Արհմիությունների լիազորությունները աշխատողների առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների պաշտպանության գործում:

Տեսչական մարմինների լիազորությունների շրջանակներից խոսեց Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը: Նա հայտնեց պատրաստակամություն՝ ՔՀԿ-ների հետ աշխատելու վերաբերյալ։

Ելույթներով հանդես եկան նաև ԱՄԿ ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանը և ծրագրի շրջանակներում ձևավորված աշխատողների իրավունքների պաշտպանություն իրականացնող խմբի անդամ Անահիտ Թովմասյանը:

Միջոցառման ավարտին «Աշխատողների իրավունքների պաշտպանության մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Բելլա Շիքարյանը  նշեց, որ ծրագրի շրջանակներում պատրաստված զեկույցը կներկայացվի  համապատասխան պատկան մարմիններին։

Նա նաև հավելեց, որ զեկույցի արձագանքին լինելու են հետևողական և ոլորտում որոշակի բարեփոխում արձանագրելու նպատակով ԿԵՀ ծրագրի շրջանակներում ծավալած իրենց գործուներությունը կրելու է շարունակական բնույթ: