ՀՀ 2020-2022 թվականների բյուջետային հայտերի կազմման գործընթացն առավել թափանցիկ, ներառական, ինչպես նաև ծախսային ծրագրերն առավել նպատակային ու հիմնավոր դարձնելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում հունիսի 17-ին կազմակերպվել է էներգետիկայի և բնական պաշարների ոլորտի 2020-2022 ՄԺԾԾ-ի, ներառյալ ՀՀ 2020թ. պետական բյուջեի հայտի նախագծերի, ինչպես նաև հայտերի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների վերաբերյալ հանրային քննարկում՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կոնսորցիումի անդամ, Համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի, Մարդկային կապիտալի զարգացման կենտրոնի ներկայացուցիչ Արսեն Աբրահամյանի և Հանրային խորհրդի ներկայացուցչի մասնակցությամբ:
Նախարարության ոլորտային պատասխանատուների կողմից մասնակիցներին է ներկայացվել էներգետիկայի և բնական պաշարների ոլորտի 2020-2022 ՄԺԾԾ և 2020թ. պետական բյուջեի հայտի նախագծերում ընդգրկված ծրագրերը և դրանց հիմքում դրված հաշվարկ-հիմնավորումները, որոնց վերաբերյալ առարկություններ չեն հնչեցվել:
Հանդիպման ընթացքում ՔՀԿ-ի կողմից առաջարկություն է ներկայացվել ոլորտի հաջորդ տարիների ՄԺԾԾ և բյուջետային հայտերում նախատեսել «Քաղաքականության փաստաթղթերի», մասնավորապես՝ Էներգետիկ հաշվեկշռի մշակման, Էներգախնայողության գործողությունների (ԷԳԾ) 2-րդ ծրագրի մոնիտորինգի իրականացման, Նոր ազգային ծրագրի մշակմանն ուղղված միջոցառումներ: Հնչեցված հարցերի առնչությամբ նախարարության պատասխանատուները հայտնել են, որ նմանօրինակ քաղաքականության փաստաթղթերի մշակումը կարող է իրականացվել օրենքով չարգելված այլ միջոցներով: