Հունիսի 19-ին, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Մենք լիիրավ անդամ ենք» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներից Արայիկ Խզմալյանի, այնուհետև նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանի հետ:
«Մենք լիիրավ անդամ ենք» ծրագրի ղեկավար Գայանե Բալայանը և «Միջհամայնքային համագործակցություն հանուն գյուղական համայնքների զարգացման» ՀԿ-ի ղեկավար Արթուր Մելիքսեթյանը հանդիպման ժամանակ ներկայացրել են ծրագրի նպատակները և իրականացված գործողությունները։ Քննարկվել են հետազոտության արդյունքում վեր հանված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկները։
Սյուզաննա Մակյանը առաջարկել է առաջարկությունների փաթեթը ուղարկել էլեկտրոնային տարբերակով, որպեսզի կատարվի ամբողջական ուսումնասիրություն, որից հետո էլ պարզ կլինի համագործակցության ուղիները:
Հիշեցենք, որ «Մենք լիիրավ անդամ ենք» ծրագրի նպատակն է՝ բարելավել Լոռու մարզում գործող համայնքային աջակցության կենտրոնների (այսուհետ՝ Կենտրոններ) գործունեությունը` մշտադիտարկման արդյունքում վեր հանված հիմնախնդիրներին արդյունավետ լուծումներ առաջարկելով, ուշադրություն դարձնելով նաև այդ կենտրոնների ՀՈՒԵ ծառայությունների մատչելիությանը և հասցեականությանը: