Հունիսի 13-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից գործարկվող «Մարդու իրավունքներ, մշտադիտարկում եւ հրապարակայնություն» ծրագրի շրջանակներում «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանը, ՀԿ կամավոր՝ Արմեն Ասլանյանը հանդիպում են ունեցել Քաղաքաշինության կոմիտեի Շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության շինարարության քաղաքականության և գնագոյացման մեթոդաբանության բաժնի պետ՝ Մանվել Սարիբեկյանի և նշված բաժնի գլխավոր մասնագետ՝ Անահիտ Մամիկոնյանի հետ:
Մասնակիցները քննարկել են ծրագրի շրջանակներում Վանաձոր քաղաքի թվով 15 պետական կառույցների ֆիզիկական մատչելիության դիտարկման հետազոտման արդյունքները և ներկայացված առաջարկությունները: Հետազոտության առաջարկությունների հետ կապված քննարկվել են նախագծման փուլից մինչեւ շինարարության ավարտը, շինարարական նորմերի խախտումներով իրականացված աշխատանքների համար օրենքով սահմանված սանկցիաների կիրառման մեխանիզմների, ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի նիստի «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2023 թ-ների համալիր ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» N 1 արձանագրային որոշման N 2 հավելվածի 2.1.4 կետի միջոցառման շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին ՀՀ պետական բյուջեի միջոցներով շենքերի և շինությունների նախագծային առաջարկների մշակման գործընթացներին մասնակցության, հանրային սպասարկման պետական կառույցների առաջին հարկում առանձնացված ընդունարանների առկայության կարեւորության հարցը և մշակութային արժեք ներկայացնող շենք-շինությունների մատչելիութան ապահովման խնդիրները:
Անուշ Ասլանյանը նշեց, որ հաշմանդամության ոլորտում քաղաքականության մշակման բարելավման նպատակով, իրականացրել են մշտադիտարկում՝ պարզելու հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների հասանելիության խնդիրը Վանաձոր քաղաքում: Նա բարձրաձայնեց նախագծման փուլից մինչեւ շինարարության ավարտը, շինարարական նորմերի խախտումներով իրականացված աշխատանքների համար օրենքով սահմանված սանկցիաների կիրառման մեխանիզմների և ներկայումս գրանցված խախտումների բնույթի եւ քանակական տվյալների մասին (խախտումներ, որոնք վերաբերվում էին սակավաշարժ և հաշմանդամություն ունեցող մարդկանց համար նախատեսվող հարմարեցումներ չապահովելուն):
Ի պատասխան նշվածի Մանվել Սարիբեկյանը պարզաբանեց, որ տեսչական ստուգումների գործառույթներն օրենքով սահմանված կարգով իրականացնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը: Նա նաև նշեց, որ ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի նիստի «Հաշմանդամությունունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2023 թվականների համալիր ծրագրին եւ ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» N 1 արձանագրային որոշման N 2 հավելվածի 2.1.4 կետի միջոցառման շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին տրված է հնարավորություն մասնակցելու ՀՀ պետական բյուջեի միջոցներով շենքերի եւ շինությունների նախագծային առաջարկների մշակման գործընթացներին: Նա առաջարկեց դիմել Վանաձորի համայնքապետարան և հայտ ներկայացնել, որ «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ-ն ցանկանում է մասնակցել ՀՀ պետական բյուջեի միջոցներով շենքերի և շինությունների նախագծային առաջարկների մշակման գործընթացներին:
Անուշ Ասլանյանը բարձրաձայնեց հանրային սպասարկման պետական կառույցների առաջին հարկում առանձնացված ընդունարանների առկայության կարևորության հարցը: Ի լրացումն նրան, Անահիտ Մամիկոնյանը նշեց, որ այս առաջարկությունը որպես լուծում հավանության է արժանի՝ հանրային ծառայություն մատուցող պետական կառույցների առաջին հարկում հաճախորդների համար առանձնացված աշխատասենյակի առկայությունը թույլ կտա հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց իրենց հուզող հարցը ներկայացնել տվյալ կառույցի համապատասխան ներկայացուցչներին եւ հարկ չի լինի բարձրանալ կառույցի այլ հարկեր: Նա նշեց, որ այս ուղղությամբ բաժինը առաջարկներ կներկայացնի բաժնի աշխատանքային ծրագրերի շրջանակներում:
Անուշ Ասլանյանը նշեց, որ ներկայացվածը խնդրի ժամանակավոր լուծում է արդեն կառուցված հին շենք-շինությունների համար, որոնց ճարտարապետական կառուցվածքը դեռևս թույլ չի տալիս այն ֆիզիկապես մատչելի դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց համար: Նա խոսեց նաեւ այն շենք-շինութունների մասին, որոնք մշակութային արժեք ներկայացնող կառույցներ են և որոնց վրա չի թույլատրվում որեւէ փոփոխություն իրականացնել, այդ թվում նաեւ հարմարեցման աշխատանքներ տանել հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Եզրափակիչ խոսքով հանդես եկան Մանվել Սարիբեկյանը և Անահիտ Մամիկոնյանը շնորհակալություն հայտնեցին ծրագրի պատասխանատուներին և իրենց պատրաստակամությունը հայտնեցին ծրագրի ավարտից հետո շարունակական համագործակցության ցուցաբերել: