Հունիսի 19-ին առողջապահության նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի ՀՀ առողջապահության նախարարության բյուջետային ֆինանսավորման հայտի հանրային քննարկում։
Հանդիպմաը ներկա էին նաև ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանը, նրա տեղակալ Գարուշ Այվազյանը, խորհրդական Կառլեն Անտոնյանը, ԱՆ աշխատակազմի և ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության աշխատակիցներ Էսմա Դալլաքյանը, Գայանե Սահակյանը: Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում քննարկմանը ներկա էին նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ, «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը և «Հայկական Առողջապահական Ազգային Խորհուրդ» ՔՀԿ կոալիցիայի նախագահ Գևորգ Գրիգորյանը, կոալիցիայի այլ անդամներ։
Հանրային քննարկման արդյունքում վեր հանվեցին հայտի լրացման մեթոդական ցուցումներից շեղումներն ու բացթողումները, որոնց վերացման վերաբերյալ տրվեց համապատասխան մեթոդաբանական օգնություն:
Մտահոգություն հայտնվեց առ այն, որ կարելի է և շատ անհրաժեշտ է հետագայում մշակել ու հաստատել կատարողական լրացուցիչ որակական ու ժամկետային ցուցանիշներ։
Սակայն կարևորագույն խնդիր է մնալու դրանց ճշգրիտ էկոնոմետրիկ բնութագրումը եւ հատկապես դրանց մասին արժանահավատ ու ներկայացուցչական տեղեկատվության հավաքագրումը։ Ավելին, նշվեց, որ այդ խնդիրը վերաբերում է ոչ միայն ՀՀ ԱՆ, այլև ողջ պետական համակարգին, քանզի նրանց գործունեության և նրանց կողմից բյուջետային ծրագրերի իրականցման մասին պատշաճ, ամբողջական օբյեկտիվ ու չափելի կատարողական ցուցանիշների մշակումն ու դրանց հավաքագրումը խիստ կարևոր է վերահսկողության և հանրությանը իրազեկելու առումով։ Այդ կապակցությամբ ողջամիտ համարվեց «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ առաջարկությունը «ՄԺԾԾ և բյուջետային ծրագրերի կատարողական ցուցանիշների մոնիթորինգն ու վերահսկողությունը ՔՀԿ-ներին վերապահելու» ծրագիրը։ Նշվեց, որ այդ ծրագիրը ներկայացվել է ինչպես ՀՀ ԱԺ ղեկավարությանը, այնպես էլ ՀՀ կառավարությանն ու ՀՀ ֆինանսների նախարարությանը, դոնոր հանրության բոլոր ներկայացուցիչներին։ Սակայն առ այսօր պատշաճ անդրադարձ դրան չկա։ Հիմնական խնդիրը ֆինանսավորման բացակայության մեջ է։
Երկուստեք նշվեց, որ հնարավոր է, որ ինչպես դոնոր հանրությունը, հատկապես ԵՄ-ն, բավարար միջոցներ ունեն այդ խնդիրը ֆինանսավորելու համար, նամանավանդ, որ Հայաստանում կառվարություն-քաղաքացիական հասարակություն կառուցողական երկխոսության ամրագրումը մտնում է ինչպես նրանց մանդատի, այնպես էլ նպատակների եւ գերակայությունների մեջ։ Այդ կապակցությամբ շատ կարեւոր է նաեւ հայաստանյան կողմից նախաձեռնողականությունը։