Commitment to Constructive Dialogue

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար «Հաշմանդամությունը և ՀՀ օրենսդրությունը» ծրագրի շրջանականերում մշակված առաջարկություններն ընդունելի են

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հունիսի 25-ին «Հաշմանդամություն ունեցող անձինք պաշտպանված են ընտանեկան բռնությունից» ծրագրի ղեկակվար Ռոզա Ավագյանը, համակարգող Մարինե Ավետիսյանը և իրավաբան Լուիզա Վարդանյանը հանդիպում են ունեցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարարության Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանի և վարչության առաջատար մասնագետ Սոֆի Բոստանչյանի հետ: 

Հանդիպման ընթացքում ներկայացվել են հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ ընտանիքում բռնության բացառմանը, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի և ենթաօրենսդրական ակտերի ներառականության բարելավմանը և բռնության ենթարկված անձանց ծառայություններ մատուցող կառույցների՝ հաշմանդամության տեսանկյունից մատչելիության և ներառականության ապահովմանը ուղղված հետևյալ առաջարկները՝ 

1. ՀՀ օրենսդրության մեջ կատարել համապատասխան փոփոխություններ, մշակել նոր կարգավորումներ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ ընտանիքում բռնության դեպքերի առավել արդյունավետ բացահայտման և կանխման, բռնության ենթարկվելուց հետո օգնություն ստանալու առավել մատչելի և հարմարեցված միջոցների ներդրման նպատակով:

2. Քայլեր ձեռնարկել նախարարության, ոլորտում գործունեություն իրականացնող այլ մարմինների, աջակցության կենտրոնների, ապաստարանների թեժ գծերը, շենքային պայմանները հաշմանդամության ցանկացած տեսակի համար դարձնելու մատչելի և հասանելի՝ առաջնորդվելով միջազգային պայմանագրերով ՀՀ ստանձնած պարտավորություններով և միջազգային լավագույն փորձով:

3. նախարարության՝ ընտանեկան բռնության ոլորտում գործունեություն իրականացնող աշխատակիցների համար վերապատրաստման դասընթացներում ընդգրկել խտրականության, հասարակության տարբեր խմբերի, մասնավորապես հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր խմբերի նկատմամբ տարբերակված մոտեցման հիմքով ընտանիքում բռնության կիրառման վերաբերյալ դասընթացներ՝ ապահովելու համար նրանց կոմպետենտությունը:

4. Քայլեր ձեռնարկել՝ բարձրացնելու հանրության իրավագիտակցությունը, մասնավորապես՝ տեղեկացվածությունը ընտանեկան բռնության օրենսդրության վերաբերյալ, իսկ ընտանեկան բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց տրամադրվող աջակցության մասին հանրային կրթության և իրազեկության բարձրացման  նյութերը տրամադրել հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր խմբերի համար մատչելի տարբերակով:

5. համագործակցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների հետ՝ իրականացվող քայլերն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով:

6. մշակել և օրենքով ամրագրել համապատասխան նորմեր, որոնք կապահովեն ապաստարանների և սոցիալական աջակցման կենտորնների լիարժեք մատչելիություն հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր խմբերի անձանց համար։ Ապաստարանների մատչելիությունը ներառում է ննջասենյակների, սանհանգույցի և մյուս ընդհանուր սրահների մատչելիություն,  տեսողական և ձայնային ազդանշանների, ժեստերի լեզվի թարգմանչի առկայություն և թեժ գծերի մատչելիություն լսողական խնդիրներով անձանց համար։

7. Ընտանիքում բռնության դեպքերի վիճակագրությունը վարելիս արձանագրել նաև բռնության ենթարկված անձանց հաշմանդամության տեսակը /դրա առկայության դեպքում/:

8. Կայուն և երկարաժամկետ լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել ապաստարաններին և սոցիալական աջակցման  կենտրոններին, որը կուղղվի բռնության ենթարկված հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր խմբերին մատչելի և որակյալ ծառայություններ մատուցելուն։ Գումարները կուղղվեն այդ կենտրոնների ֆիզիկական մատչելության ապահովմանը, խելամիտ հարմարեցումների տրամադրմանը` ներառյալ ժեստերի լեզվի թարգմանչի ապահովում։

9. Լրացուցիչ ֆինանսական միջոցներ նախատեսել և, համագործակցելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարարակական կազմակերպությունների հետ, մշակել ուղեցույցներ և տեղեկատվական նյութեր, կազմակերպել վերապատրաստումներ և դասընթացներ ոստիկանության, ապաստարանների և սոցիալական աջակցման կենտրոնների աշխատակազմի համար հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր խմբերի հետ ճիշտ հաղորդակցման և որակյալ սպասարկման վերաբերյալ։ Բարձրացնել նրանց իրազեկությունը, թե ինչ միջավայրային, տեղեկատվական, հաղորդակցական և վերաբերմունքային խոչընդոտների են հաշմանդամություն ունեցող տարբեր խմբերի անձինք բախվում և բռնության ինչ տեսակների են ենթարկվում։

10. Նախարարության կողմից ընտանեկան բռնությանը վերաբերող քննարկումները և հանրային իրազեկման միջոցառումները կազմակերպել մատչելի վայրերում` ներգրավելով հաշմանդամությունունեցող անձանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպություններիներկայացուցիչներին։

11. Լրացուցիչ ռեսուրսներ նախատեսել մարզերում ընտանեկան բռնության վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացման համար:

Ներկայացված բոլոր առաջարկները ընդունելի էին նախարարության ներկայացուցիչների կողմից, սակայն կարիք կար այլ պատասխանատուների հետ քննարկման և որոշումների կայացման, ինչը ավելի երկար ժամանակ է պահանջում:

Հավելենք՝ քանի որ կազմակերպության կողմից կազմված առաջարկությունները վերաբերում են ոչ միայն վերոհիշյալ նախարարությանը, առավել ընդգրկուն առաջարկները էլեկտրոնային եղանակով կուղարկվեն ՀՀ արդարադատության նախարարությանը, ՀՀ ոստիկանությանը և այլ գերատեսչություններին, գրավոր պատասխան ստանալու ակնկալիքով: