Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Մենք լիիրավ անդամ ենք» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Town Hall» և «Chatham House» ձևաչափերով տեղի ունեցան հանդիպում-քննարկումներ տարբեր հասարակական կազմակերպությունների և մանկապարտեզների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման առաջին մասում ԿԵՀ ծրագրի ներկայացուցիչ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի Վանաձորի մասնաճյուղի իրավաբան Զարինե Հովհաննիսյանը և «Մենք լիիրավ անդամ ենք» ծրագրի ղեկավար Գայանե Բալայանը հանդես եկան ողջույնի խոսքով և ներկայացրեցին ծրագրի նպատակները: Ծրագրի ներկայացումից հետո Անի Գաբրիելյանը, ով ծրագրի շրջանակներում իրականացրել է սոցիոլագիական հետազոտություն, խոսեց առկա հետազոտության արդյունքների, չլուծված խնդիրների մասին, որոնց հետ բախվում են հաշմանդամություն ունեցող երեխաները և նրանց ծնողները:
Հանդիպումներն ընթացան ակտիվ քննարկումներով, մասնակիցները հավանության արժանացրին ներկայացվող առաջարկությունների փաթեթը և մեծ հույս հայտնեցին, որ առաջարկությունների փաթեթը կընդունվի պետական կառավարման ներկայացուցիչների կողմից:
Հիշեցնենք, որ «Մենք լիիրավ անդամ ենք» ծրագրի նպատակն է՝ բարելավել Լոռու մարզում գործող համայնքային աջակցության կենտրոնների (այսուհետ՝ Կենտրոններ) գործունեությունը` մշտադիտարկման արդյունքում վեր հանված հիմնախնդիրներին արդյունավետ լուծումներ առաջարկելով, ուշադրություն դարձնելով նաև այդ կենտրոնների ՀՈՒԵ ծառայությունների մատչելիությանը և հասցեականությանը:
Նշենք, որ նույնաբովանդակ հանդիպումներ տեղի են ունեցել նաև Ալավերդիում և Ստեփանավանում:
Հավելենք, որ ծրագիրն իրականացվում է «Արգինա» մշակութային և «Միջհամայնքային համագործակցություն հանուն գյուղական համայնքների զարգացման» ՀԿ-ների կոնսորցիումի կողմից: