ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի միջև այսօր ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ ՀՀ համայնքների կայուն զարգացման նպատակով սոցիալական ձեռնարկատիրության ոլորտի զարգացմանն ուղղված արդյունավետ ծրագրերի իրականացման վերաբերյալ։ Հուշագիրը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության անունից ստորագրել է նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, իսկ Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի անունից ասոցիացիայի նախագահ Սաթիկ Բադեյանը։
Հուշագիրն ստորագրվել է «Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի» (ՀՍՁԱ) կողմից իրականացվող «Սոցիալական ձեռնարկատիրությունը համայնքային զարգացման մեխանիզմ» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում: «Սոցիալական ձեռնարկատիրությունը համայնքային զարգացման մեխանիզմ» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության (European Union in Armenia) կողմից ֆինանսավորվող և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում:
Ծրագրի նպատակն է նպաստել ՏԻՄ – ՍՁ համագործակցային մոդելի ձևավորմանը և ՏԻՄ-երի կողմից համայնքային խնդիրների լուծման նպատակով ՍՁ-ների ստեղծման և զարգացման համար համայնքային բյուջեներից դրամաշնորհների հատկացման մեխանիզմների ստեղծմանը:
Ծրագիրը կոչված էր աջակցել համայնքի զարգացման և առկա սոցիալական խնդիրների լուծմանն ուղված բիզնես գաղափարներ ունեցող անհատներին և ՀԿ-ներին՝ ստեղծելով համայնքում գործող սոցիալական ձեռնարկատիրություններ:
Սոցիալական ձեռնարկատիրությունը ձեռնարկատիրական գործունեություն է, որի բիզնես մոդելի հիմքում դրված է սոցիալական խնդրների լուծումն ու սոցիալական արժեքների ստեղծումը, և որն իր շահույթի մեծ մասը ծառայեցնում է սոցիալական բարեփոխումների իրականացմանը, սոցիալական խնդիրների լուծմանը:
ՏԻՄ-ի համար ևս սա արդյունավետ գործիք: Ծրագրով առաջարկվել է ՏԻՄ-երին ոչ թե համայնքային բյուջեն ուղղել սոցիալական խնդիրների լուծմանը, այլ փոքր դրամաշնորհի միջոցով աջակցել այն բիզնես գաղափարներին, որոնք հետագայում կկարողանան ոչ միայն ինքնուրույն լուծել այդ խնդիրը, այլև իրենց գործունեությամբ զարգացնել համայնքը: Շատ ու շատ խնդիրների լուծման համար սոցիալական ձեռնարկատիրությունը երկարաժամկետ հեռանկարում անհամեմատ ավելի արդյունավետ են բոլոր դերակատարների համար: Այն նաև խթանում է համայնքնորում խնդիրների լուծման մասնակցային մոտեցումը. բնակիչները իրենք են մտածում լուծման ուղիները, օգտագործում են համայնքի ռեսուրսներն ու կիսում այդ խնդիրների լուծման և համայնքային զարգացման պատասխանատվությունը պետության հետ:
ՍՁ-ի արդյունավետությունը գնահատող շատ ու շատ միջազգային կառույցներ վերջին շրջանում մեծ ներդրումներ են անում նոր սոցիալական ձեռնարկատիրություններ հիմնելու կամ գործողները զարգացնելու համար: Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածնքերի նախարարության համագործակցույթյան շնորհիվ պետության դերակատարությունն այս ոլորտում բոլորովին նոր որակ է ստանում:
Մրցույթի արդյունքում 12 հայտատուներից ընտրվել են երկու ՏԻՄ, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնել համայնքային բյուջեից տրամադրել ֆինանսական աջակցություն իրենց համայնքում սոցիալական ձեռնարկատիրության նախաձեռնության իրականացման համար: Ըստ էության առաջին անգամ Հայաստանում պետւթյունը պաշտոնապես ներդրում է իրականացնում սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում. Համայնքային իշխանությունները ապահովում են սոցիալական ձեռնարկատիրության ֆինանսական աջակցությունը, իսկ Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիան՝ տրամադրում մեթոդական աջակցություն թե ՏԻՄ-ին և թե ՍՁ-ն նախաձեռնած խմբերին:
Մրցույթում հաղթող են ճանաչվել Լճաշեն գյուղի և Աշտարակի Բագավան թաղամասի ներկայացրած գաղափարները: Կազմակրպիչները համոզված են՝ սա կարող է լինել օրինակելի ձևաչափ, որը հնարավորություն կտա փորձարկումից հետո տարածել ՍՁ-պետություն համագործակցության այս մեխանիզմը նաև մյուս համայնքներում: