Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում հունիսի 26-ին հիմնադրվեց Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանության ցանցը՝ «Համայնքային Համախմբման և աջակցության Կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ։
Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանության ցանցի համահիմնադիր անդամները սոցիալական ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններ են, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններ։
Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանության ցանցի գործունեության նպատակն է՝ նպաստել ՀՀ-ում կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների և ընտանիքների սոցիալական խնդիրների վերհանման և դրանց լուծմանն ուղղված մեխանիզմների բարելավմանը, ինչպես նաև սոցիալական ոլորտում տարբեր շահագրգիռ կողմերի լայն մասնակցության ապահովմանը՝ խնդիրների վերհանման և դրանց լուծման պրոցեսներում։
Հանդիպման երկրորդ հատվածում հատվածում քննարկվեցին սոցիալական աջակցության ոլորտի անհատական դեպքերի վարման գործընթացում առաջարկվող բարեփոխումները, «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունները, արձանագրած հաջողությունները։ Տեղի ունեցավ նաև մամուլի ասուլիս։
«Նոր կոալիցիայի ստեղծումը կարծում եմ շատ կարևոր ինստիտուցիոնալ մեխանիզմ է, որը հնարավորություն կտա ապահովել ծրագրի շարունակականությունը և կայունությունը: Առաջին այն խնդիրը՝ սոցիալական դեպքերի վարման ուսումնասիրությունը, դիտարկումը, խնդիրների վերհանումը և դրանց վերաբերյալ առաջարկների ներկայացումը համապատասխան պետական մարմնին շատ կարևոր գործընթաց է, որովհետև միայն կառուցողական երկխոսության շնորհիվ է հնարավոր խնդիրները լուծել»,- ողջույնի իր խոսքում նշեց ԿԵՀ ծրագրի ղեկավար, «Իրավաբանների հայկական ասոցացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը:
Համաժողովին քննարկվեց սոցիալական աջակցության ոլորտի գլխավոր բաղադրիչ հանդիսացող սոցիալական աշխատանքը, դեպքերի վարման գործընթացը:
«Իրականացվել են քննարկումներ համայնքային, մարզային մակարդակում, հավաքագրվել են առաջարկություններ և այստեղ դիտարկելու ենք թե՛ այդ առաջարկությունները, թե՛հավաքագրելու ենք վերջնական առաջարկությունները, որպեսզի որպես բարեփոխումների զեկույց-առաջարկությունների փաթեթ ներկայացնենք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն»,- ասաց «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի ղեկավար Օլեգ Դուլգարյանը:
Հանդիպմանը ներկա էին նաև ներկայացուցիչներ աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններից, ինչպես նաև ՀԿ, ԶԼՄ ներկայացուցիչներ։