Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Մենք լիիրավ անդամ ենք» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում հունիսի 28-ին Լոռու մարզպետարանում Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի և «Արգինա» մշակութային, «Միջհամայնքային համագործակցություն հանուն գյուղական համայնքների զարգացման» ՀԿ-ների կոնսորցիումի միջև կնքվեց համագործակցության հուշագիր:
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը վարում էր մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը:
Նիստի նշանակալի իրադարձությունը Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի՝ ի դեմս մարզպետ, հանձնաժողովի նախագահ Անդրեյ Ղուկասյանի և «Արգինա» մշակութային, «Միջհամայնքային համագործակցություն հանուն գյուղական համայնքների զարգացման» ՀԿ-ների կոնսորցիումի միջև հուշագրի կնքումն էր: Հուշագիրը ստորագրեցին Գայանե Մարկոսյանը և «Արգինա» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Բալայանը:
Հուշագրով Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնում իր լիազորությունների սահմաններում աջակցել ներկայացված առաջարկությունների փաթեթի իրագործմանը:
Ծրագրի ղեկավար Գայանե Բալայանը օրակարգի համաձայն հանձնաժողովի անդամներրն և ներկա հյուրերին ներկայացրեց «Մենք լիիրավ անդամ ենք» ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքը, ինչպես նաև նշեց, որ հետազոտության արդյունքները ևս կարող են տրամադրվել բոլոր հետաքրքրված անձանց:
Հիշեցնենք, որ «Մենք լիիրավ անդամ ենք» ծրագրի նպատակն է՝ բարելավել Լոռու մարզում գործող համայնքային աջակցության կենտրոնների (այսուհետ՝ Կենտրոններ) գործունեությունը` մշտադիտարկման արդյունքում վեր հանված հիմնախնդիրներին արդյունավետ լուծումներ առաջարկելով, ուշադրություն դարձնելով նաև այդ կենտրոնների ՀՈՒԵ ծառայությունների մատչելիությանը և հասցեականությանը:
Ծրագիրն իրականացվում է «Արգինա» մշակութային և «Միջհամայնքային համագործակցություն հանուն գյուղական համայնքների զարգացման» ՀԿ-ների կոնսորցիումի կողմից: