
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Նոր հնարավորություններ ականապատման պատճառով հողամասերի մեծ մասից զրկված բնակչության համար» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում հունիսի 27-ին Այգեհովտում անցկացվեց գյուղմթերքի փառատոն:
Փառատոնի կազմակերպման նպատակն էր պատերազմական գործողությունների ժամանակ տուժած Այգեհովիտ և Վազաշեն համայնքների գյուղատնտեսական և արտադրական հնարավորությունների ներկայացումը և գովազդումը՝ հետագայում գյուղատնտեսության և գյուղական տուրիզմի զարգացմանը նոր թափ հաղորդելու համար:
Բացման խոսքով հանդես եկավ ծրագրի ղեկավար Արարատ Գևորգյանը, ողջույնի խոսքով հանդես եկան «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիր ներկայացուցիչ Մարատ Ատովմյանը, Այգեհովիտ համայնքի ղեկավար Լևոն Գրիգորյանը:
Առանձին զրույցներում իրենց գովեստի խոսքերը հայտնեցին համայնքային և մարզային կառույցների ղեկավարներ, ՀԿ ներկայացուցիչներ:
Ծրագրի ընթացքում արված գործողությունների ներկայացումից հետո հյուրերը շրջայց կատարեցին տաղավարներում:Փառատոնի ավարտին ելույթ ունեցան Այգեհովիտի և Իջևանի պարի և երաժշտական խմբերի ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Տավուշի մարզի՝ Իջևանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ և Վազաշեն համայնքների զարգացմանը: