Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում 2019 թվականի հունիսի 27-ին տեղի ունեցավ «Առողջ մարմին, իրազեկ մտքում» ծրագրի փակումը և մոնիթորինգի արդյունքների ներկայացումը:
Ողջույնի խոսքով հանդես եկան «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ Մարատ Ատովմյանը և Զարինե Հովհաննիսյանը, ովքեր ներկայացրին «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, դրա նպատակները:
«Առողջ մարմին, իրազեկ մտքում» ծրագրի ղեկավար Արևիկ Պետրոսյանը ներկայացրեց ենթադրամաշնորհային ծրագրի նպատակը, արված գործողությունները, որից հետո ծրագրով ընդգրկված սոցիոլոգ Մելինե Ղարաքեշիշյանը ներկայացրեց հետազոտության արդյունքները:
Արդյունքների ամփոփումից հետո ելույթ ունեցավ բանախոսներից Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Արսեն Մկրտչյանը, ով կարևորեց հանդիպումը, խոստացավ ավելի խորը ուսումնասիրել ներկայացված զեկույցը, քանի որ զեկույցում առկա էին մի շարք տվյալներ, որոնց հետ կապված կային անհամաձայնություններ:
«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ և ծրագրի փորձագետ Աշխեն Բաբայանը հարց ու պատասխանից հետո ներկայացրեց ամփոփ եզրակացություն կատարված աշխատանքի վերաբերյալ, որից հետո շնորհակալագրեր փոխանցեց ծրագրի ընթացքում իրենց աջակցող անձանց:
Հիշեցնենք, որ «Առողջ մարմին, իրազեկ մտքում» ծրագրի հիմնական նպատակն է՝ նպաստել Լոռու մարզում առողջապահության ոլորտում իրազեկվածության մակարդակի բարձրացմանը: