Commitment to Constructive Dialogue

Կայացավ Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված ՔՀԿ-ների կոալիցիայի 4-րդ նիստը

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրով իրականացվող «ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման (EU4STED)» ծրագրի շրջանակներում հունիսի 28-ին կայացավ Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված ՔՀԿ-ների (Քաղաքացիական հասարակության կազմակերպություն) կոալիցիայի 4-րդ նիստը:

Նիստին մասնակցում էին կոալիցիայի անդամ տարբեր կազմակերպություններ և հյուրեր:

ԿԵՀ ծրագրի ղեկավար «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը նշեց, որ շատ է կարևորում անցած ժամանակահատվածում կոալիցիայի գործունեությունը: «Ձևավորումից հետո կոալիցիայից ակնկալում էինք երկու արդյունք: Առաջինը՝ ուղղված էներգետիկայի ոլորտում հանրային քաղաքականությունների մշտադիտարկմանը, բարելավմանը, իսկ երկրորդը՝ ուղղված կոալիցիայի ներքին հզորությունների, կարողությունների զարգացմանը, որպեսզի այն դառնա իր գործունեության ոլորտում հիմնական դերակատարներից մեկն ու կառավարության գործընկերը»,- նշեց նա:

Կոալիցիայի հիմնադիր կազմակերպություններից «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ (ԷԽԱՀ) տնօրեն Աստղինե Պասոյանի խոսքով, այսուհետև իրենք պետք է չլինեն միայն կազմակերպությունների մի խումբ, այլ լինեն կառույց, որն ունի ընդհանուր նպատակ, գործիքակազմ, տեսլական: «Ավարտվում է ծրագիրը, բայց սկսվում են գործողությունները»,- ընդգծեց Աստղինե Պասոյանը:

«Կանայք հանուն կլիմայի և էներգետիկայի» ՀԿ նախագահ Նունե Սաքանյանը ներկայացրեց «Համայնքային կայուն էներգետիկ զարգացման մշտադիտարկման «խելացի» հարթակ»-ը՝ նշելով, որ ծրագրի շրջանակներում նպատակադրվել էր ստեղծել միացյալ մեթոդական և մոնիթորինգային հարթակ համայնքներում՝ Քաղաքապետերի դաշնագրից բխող էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի, կլիմայի փոփոխության հարմարվողականության պարտավորությունների կատարման խթանման նպատակով՝ դյուրացնելով էներգետիկ ծրագրերի մոնիթորինգի գործընթացը։

ԷԽԱՀ Կայուն էներգետիկայի ծրագրերի համակարգող Թամարա Բաբայանը, նիստի օրակարգի շրջանակներում ներկայացրեց էներգաարդյունավետ գնումների և համայնքային կայուն էներգիայի կայանների գործունեության կարգավորման ներդրման ուղղությամբ կոալիցիայի իրականացրած աշխատանքները:

«Աջակցություն բարեփոխումներին» ՀԿ տնօրեն Անուշ Պետրոսյանը ներկայացրեց ծրագրի շրջանակներում իրականացված՝ կանանց կարողությունների բարձրացման, իրազեկման և լրատվամիջոցների հետ համագործակցության ուղղությամբ իրականացված աշխատանքները, ընդգծելով, որ ստացված արդյունքների կայունության և զարգացման տեսանկյունից կարևոր է միջոցառումների շարունակականությունը:

Նիստին ներկայացվեց 2018 թվականին հունիսից մեկնարկված «ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման (EU4STED)» ծրագրի շրջանակներում ձևավորված՝ «Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված» ՔՀԿ-ների կոալիցիայի իրականացրած աշխատանքները, մասնավորապես՝ էներգաարդյունավետ գնումների և համայնքային կայուն էներգիայի կայանների գործունեության կարգավորումների ներդրման, համայնքային կայուն էներգետիկ զարգացման մշտադիտարկման «խելացի» հարթակի ստեղծման և գործարկման, թիրախային համայնքներում կանանց կարողությունների ուժեղացման աշխատանքները, ամփոփել կոալիցիայի գործունեության մեկամյա ժամանակահատվածը՝ անդրադառնալով նաև իրազեկման և լրատվամիջոցների հետ համագործակցության աշխատանքներին, մշակված ներքին փաստաթղթերին՝ զարգացման, ջատագովման, ֆինանսների հայթայթման ռազմավարություններին, շահերի բախման և էթիկայի կանոններին։

Նիստի ընթացում ցուցադրվեց «Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված» ՔՀԿ-ների կոալիցիայի գործունեությունը լուսաբանող տեղեկատվական ֆիլմը, որն ամփոփ ներկայացնում է կոալիցիայի ձևավորումից մինչ օրս կատարած աշխատանքը: Միջոցառման շրջանակներում քննարկվեցին կոալիցիայի կարողությունների զարգացման հնարավորությունները, ինչպես նաև կոալիցիայի ներքին փաստաթղթերի վերջնական տարբերակները՝ «Զարգացման ռազմավարությունը», «Ֆինանսների հայթայթման ռազմավարությունը», «Ջատագովման ռազմավարությունը», «Շահերի բախման և էթիկայի կանոնները»: